ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմամշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօրվա և վաղվա համար»։