211652_close_icon
views-count1480 դիտում article-date 23:14 27-02-2020

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հասկանալ ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին, քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ: Մարդու իրավունքների պաշտպանը պատվիրակության կազմին է ներկայացրել աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված աշխատանքը: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։ Հանդիպմանն առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ներկայացնել այլ երկրներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Հ․Գ․ Ժողովրդավարությունների համայքնը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների հիմնումն ու արժեքների տարածումն է: Ներկայում համայնքին անդամակցում է 31 երկիր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր