211652_close_icon
views-count2913 դիտում article-date 15:53 27-02-2020

Կառավարությունը հաստատեց ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ միջոցառումների ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրին: Ծրագիրը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ 2018-2019թթ. Հայաստանն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Կատարվել են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ սնանկության ճանաչման և վարկերի ստացման գործընթացներում առաջընթաց ապահովելու նպատակով։ Համաշխարհային բանկի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 24-ին հրապարակած` «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 2019 թվականի 41-րդ տեղի փոխարեն: «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։ Այս ծրագրով յուրաքանչյուր ցուցչիմասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով։ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ պետականև տեղական ինքնակառավարման մարմինները:

Նմանատիպ նյութեր