211652_close_icon

«Հոգևոր մարզանքի» անհրաժեշտությունը․ եթե ուզում ես, որ աշխարհն ավելի լավը դառնա․ «Առավոտ»

views-count3814 դիտում article-date 10:37 22-02-2020
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բժիշկները, հոգեբանները, զանազան մարզիչներն ու «գուրուները» պնդում են, որ ամեն առավոտ պետք սկսել ֆիզիկական մարզանքից: Եվ նրանք, իհարկե, իրավացի են. մկաններն աշխատեցնելը հսկայական օգուտ է տալիս մարդուն՝ նա դառնում է ավելի առույգ, ինքնավստահ և նպատակասլաց: Ավելի քիչ է խոսվում այն մասին, որ առավոտյան և ոչ միայն առավոտյան պետք է մարզել նաև զգացմունքները, միտքը, հոգին: («Զգացմունքների դաստիարակություն»՝ այդպես է կոչվում 19-րդ դարի ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի վերջին վեպերից մեկը): Եվ ճիշտ մկանների նման՝ դրանք կարելի է դարձնել ավելի գեղեցիկ և կատարյալ, բայց կարելի է նաև «անտեր թողնել» և այդ դեպքում դրանք մեզ խանգարելու են ապրել լիաթոք կյանքով: «Անտեր թողած» զգացմունքներից ծնվում են ատելությունը, խանդը, նախանձը, ուրիշներին դատելու, մեղադրելու, բամբասելու ցանկությունը: Կարելի՞ է այդ ամենը հաղթահարել «հոգու մարզանքով»: Վստահ եմ, որ՝ այո: Բայց նախ ես պետք է ընդունեմ, որ այդ ամենն իմ մեջ կա: Ինչպես վերջերս միանգամայն իրավացիորեն նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ատելությունը հիվանդություն է, որի առկայությունը, ինչպես և ալկոհոլիզմն ու թմրամոլությունը, հիվանդները հաճախ չեն ընդունում: Հարբեցողը նույնիսկ ինքն իրեն չի խոստովանում, որ չի կարող ապրել առանց օղու: Համացանցից կախում ունեցողը սովորաբար չի ընդունում, որ հինգ րոպե անգամ չի կարող կենտրոնանալ որևէ գործի վրա՝ առանց հեռախոսում հաղորդագրությունները ստուգելու: Ատելությամբ հիվանդը չի կարծում, որ տառապում է հիվանդությամբ ՝ նա իրեն, որպես կանոն, «արդարության մարտիկ» է պատկերացնում: Ինչպե՞ս հաղթահարել այդ ախտերը: Այնպես, ինչպես մենք մարզում ենք մեր մկանները: Կան բազմաթիվ հոգևոր «պրակտիկաներ», որոնք մարդիկ կիրառում են այն ժամանակ, երբ հավատ ունեն: Այդ հավատը կարող է տարբեր անուններ ունենալ՝ կարևորն ամենօրյա կիրառումն է: ․․․ Երկուշաբթի օրն սկսվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ակտիվ փուլը: Հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, «նախկինների» և նրանց ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի հանդեպ ատելությունից դրդված, իր «այո»-ն կասի: Բայց խնդիրը «այո» կամ «ոչ» ասելը չէ կամ բոյկոտելը չէ՝ դա նորմալ քաղաքական գործընթաց է: Խնդիրն այն է, որ այդ ընթացքում զարգանալու է ատելությունը, պարանոյան, անհանդուրժողականության, իրար վիրավորելու, իրար ցավ պատճառելու մշակույթը, որն առանց այդ էլ մեր հասարակության մեջ «բարձր դիրքերում» է, և որը թունավորում է մարդկանց հոգիները: Այդ մշակույթին միանշանակ պետք է ասել «ոչ»: Հատկապես որ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ օրվանից սկսվում է Մեծ պահքը, որի ընթացքում առավել ևս պետք է մաքրել միտքն ու հոգին ատելության ախտից: Անհնարին է պայքարել ուրիշի ատելության դեմ: Դա անիմաստ զբաղմունք է: Եթե ուզում ես, որ աշխարհն ավելի լավը դառնա, հաղթահարիր ատելությունը քո մեջ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր