211652_close_icon
views-count3241 դիտում article-date 19:38 06-05-2026

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ 19-ամյա «ուղեղից թոփալ» «Mercedes CLS»-ի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել․ դատախազը բավարարել է այն․առաջիկայում «Շումախերչիկի» կալանքի հարցով քննիչը դիմելու է դատարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Երևանի քաղաքի դատախազության վերահսկող դատախազին, որպեսզի դատախազը հաստատի հանրային քրեական հետապնդում հարուցելու իր որոշումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը բավարարել է միջնորդությունը և հաստատել հանրային հետապնդումը, որը վերաբերում է Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանին, ով ապրիլի 23-ին դարձել էր խոշոր վթարի հեղինակը Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու դիմաց։ Նա իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր «Jaguar»-ին, ապա Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսին, ինչի հետևանքով եղել են վիրավորներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս),

344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)

և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում ավագ քննիչ Շ. Խաչատրյանը միջնորդություն է ներկայացնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Արդյոք կբավարարի դատարանը քննիչի միջնորդությունը, թե հերթական անգամ դատարանը չի գտնվի իր բարձրության վրա՝ պարզ կլինի առաջիկայում, բայց որ նման «ուղեղից թոփալ», հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող, «ստամոքսը լցնող պատուհասը» օր առաջ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած վտանգավոր օյինբազության համար՝ դա ակնհայտ է։

Նման լկտի պահվածք ցուցաբերողին, եթե ժամանակին չհղփացնեին, ապա նա իրեն չէր դնի ինչ-որ «Շումախերի» տեղ, վթարից հետո էլ դատարկ գլխով չէր գովազդի իր վթարը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել  էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ Քր.օր.-ի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ հիվանդանոց էին տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ հաստատվել էր մեր այն տեղեկությունը, որ «Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել էր դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել էր կասեցված ու ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում էր տեսանյութ, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում է իր «օյինբազությունը»՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու տանջելով գազի սեղմակը՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։ Այստեղ են ասում, եթե վարորդ Վարդանի դասատուն ընկեր Մարգոն լիներ ու ուսուցչական ցուցափայտիկով մի քանի մուշտի ժամանակին տար, ապա այս վթարը տեղի չէր ունենա և հրաշք է, որ զոհեր չեն եղել, վիրավորների կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Սակայն «Mercedes «CLS»-ի վարորդը պետք է իր ականջին օղ անի, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում և հանրությունը չի ուզում նոր Ճըվճըվի անուղղելի զավակներ ի հայտ գան, իսկ դրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին իրավապահները։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արսեն Մովսիսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ երբ «Mercedes»-ը բախվել էր «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել էր բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել էր նաև «Toyota»-ն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել էր կասեցված։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր