3890 դիտում
10:59 19-02-2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք։ Բացի այն, որ վարակի տարածումը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այն խոստանում է լուրջ բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։
Անգամ որոշ տնտեսագետներ այնպիսի կանխատեսումներ են անում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը համաշխարհային տնտեսության ներսում կարող է հանգեցնել այնպիսի ճգնաժամային իրավիճակի, ինչպիսին 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։
Սակայն բոլորիս այս փուլում մի հարց է հետաքրքրում, թե կորոնավիրուսի տարածումը և չինական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր տնտեսությունը տարբեր ուղղություններով փոխկապակցված է չինական տնտեսության հետ։
Հայաստանի տնտեսությունը չինական տնտեսության աճի նվազումից կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բացասական իմպուլսներ ստանալ։ 2019 թվականի տվյալներով, Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է և զիջում է միայն Ռուսաստանին։
Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,5%-ով։ Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80,7 %-ով։
Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, իսկ աճը՝ 13,1%: Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանման մասնաբաժնում ահռելի մեծ տեղ է զբաղեցնում պղնձի արտահանումը։
Իսկ ներկայումս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում Չինաստանում պղնձի պահանջարկը սկսել է նվազել, որի արդյունքում էլ պղնձի համաշխարհային գների անկում է նկատվում։
Տարբեր գնահատականներով, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով, և Հայաստանը սրա արդյունքում կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով, որն անպատճառ ազդելու է մեր տնտեսության զարգացման դինամիկայի վրա։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի գների անկում է գրանցվում շուկայում, քանի որ Չինաստանը 20 %-ով կրճատել է նավթի ներկրումը։ Սա հատկանշական է այն առումով, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է։
Իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը շատ զգայուն է նավթի գների նկատմամբ, քանի որ մեծ եկամուտներ է ստանում դրա արտահանումից։
Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
Ուստի չինական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և նավթի գնանկումը հանգեցնելու են ռուսական ռուբլու՝ առանց այն էլ անկայուն դիրքերի թուլացմանը։ Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ, ապա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է իր բացասական հետքը թողնել նաև մեր տնտեսության վրա։
Մասնավորապես անկումային իրավիճակ կստեղծվի Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալներում, կնվազեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների արդյունքում ստացվող եկամուտները և այլն։
Սրան գումարենք նաև առկա լոգիստիկ խնդիրները, ու իրավիճակն առավել պարզ կդառնա: Այնինչ, մեր կառավարությանը, կարծես, առանձնապես չեն հետաքրքրում այս վտանգները:
Գոնե հրապարակային մակարդակում չեն երևում ծրագրեր, որոնք թույլ կտան նվազեցնել առկա ռիսկերը, որքան հնարավոր է: Կարևորը միլիոնավոր դոլարներ ծախսելն ու անիմաստ, երկրին, պետությանն ու քաղաքացիներին ոչինչ չտվող, միայն մեկ անձի ամբիցիաները բավարարող հանրաքվե անցկացնելն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
14:42 16-04-2014
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան
1194 դիտում
12:38 21-11-2016
Թրամփի հաղթանակը դրականորեն կազդի ռուսական բիզնեսի վրա. Financial Times
4389 դիտում
18:34 22-04-2017
Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացասաբար կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Մեշկով
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»