211652_close_icon
views-count2690 դիտում article-date 10:48 19-02-2020

Վերացական ժողովուրդը և կոնկրետ քաղաքացիները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բանակում սպանությունները, ինքնասպանությունները և դժբախտ պատահարները մեկնաբանելիս՝ իշխանության երկրպագուներն ընկնում են դավադրապաշտական տեսությունների գիրկը և վարկած են առաջ քաշում, որ դա դեռևս վերջնականապես չջախջախված նախկին իշխանության բեկորների սաբոտաժն է: Այդ բազմամարդ խումբը վարկած է առաջ քաշում, որ միջադեպերի անմիջական պատասխանատուն են Քոչարյանը կամ ՀՀԿ-ն: Իշխանության հակառակորդներն էլ ամեն ինչ ցանկանում են բարդել Փաշինյանի վրա և այդ ձևով ողբերգական դեպքերից քաղաքական դիվիդենտներ քաղել: Երկու մոտեցումներն էլ ինձ շատ տհաճ են թվում, քանի որ խոսքը երիտասարդների կյանքի մասին է: Իրականում խնդիրներն ավելի խորն են և այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի հետ առանձնապես կապ չունեն: Քաղաքական շահարկումների պակաս մեզանում չի զգացվում, փոխարենը բացակայում է հասարակական խնդիրների նկատմամբ սթափ վերաբերմունքը: Եվ այստեղ էլ մի վտանգ կա, որը գալիս է այսպես կոչված «ժողովրդասերների» կողմից: Հենց որ փորձում ես վերլուծել մեր հասարակության առանձնահատկությունները՝ նրանք սկսում են բացականչել՝ «բա մեր ժողովուրդը այդպիսի՞ն է․․․» Թե ինչպիսին է մեր ժողովուրդը՝ դա վերացական հարց է, որի հստակ պատասխանը ես չունեմ: Հավանաբար մեր ժողովուրդը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ցանկացած այլ ժողովուրդ՝ ոչ ավելի լավը, ոչ էլ՝ վատը: Պարզապես ամեն մի ժողովուրդ պատմական այս կամ այն ժամանակահատվածում ունի իրավագիտակցության որոշակի մակարդակ: Ենթադրենք 2016թ. հուլիսին հանրաքվեի դրվեր հետևյալ հարցը՝ կարելի՞ է արդյոք հարձակվել ոստիկանական խմբի վրա և սպանել երեք ոստիկանի, ինչպիսի՞ն կլիներ մեր քաղաքացիների մեծամասնության պատասխանը: Կարծում եմ՝ «այո»: Եվ դա կխոսեր ոչ թե մեր ժողովրդի հատկությունների, այլ՝ պետության և օրենքի հանդեպ այդրոպեական վերաբերմունքի մասին, որովհետև եթե այդ հարցը հիմա դրվի քվեարկության, լրիվ այլ պատկեր կունենանք: Բանակում տիրող բարքերը պետք է վերլուծել հենց այս տեսանկյունից: Մեր հասարակական հոգեբանության, մշակույթի մեջ կա հայրենասիրության, անձնազոհության գաղափարը, որով, բարեբախտաբար, առաջնորդվում են նաև այսօր երկրի անվտանգությունն ապահովող երիտասարդները: Նրանք կարող են կռիվ տալ քանակապես գերազանցող հակառակորդի հետ՝ չնահանջելով ոչ մի քայլ: Բայց մյուս կողմից՝ քիչ թե շատ խաղաղ իրավիճակում ցանկացած խեթ հայացք կամ անհաճո բառ կարող է դառնալ լուրջ միջադեպի պատճառ: Եվ հիմքում, իմ կարծիքով, պետականության մշակույթի՝ խիստ կանոնների և կարգապահության կիրառման բացակայությունն է: Իսկ երբ չկա այդ մշակույթը՝ ի հայտ են գալիս «թասիբի» և «տղա լինելու» մասին կեղծ պատկերացումները: Իհարկե, բանակի ղեկավարությունը պետք է կատարի իր վերլուծությունները, բայց չեմ կարծում, որ նման խնդիրների լուծումը պետք է թողնել միայն զինվորականների ուսերին: Այստեղ պետք է մտահոգվի ողջ հասարակությունը և խոստովանի իր արատները: Առանց ազգի և ժողովրդի մասին քաղցր կենացների»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր