211652_close_icon
views-count3437 դիտում article-date 15:00 18-02-2020

Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով

Ուրախություն և զվարճանք խորհրդանշող Բարեկենդանի տոնի շրջանակում Երևանում հետաքրքիր տոնակատարություններ են սպասվում` համերգային ծրագրեր, ցուցահանդես-վաճառք, ազգագրական երգ ու պար: «[url=https://armenpress.am/arm/news/1005309.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանը շեշտեց, որ Բարեկենդանի տոնը նշվում է փետրվարի 23-ին, իսկ փետրվարի 24-ին սկսվում է Մեծ պահքը: «Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացի բարու և չարի, գիտության ծառի պտուղից: Ադամն ու Եվան ճաշակեցին այդ պտուղը, ինչի հետևանքով արտաքսվեցին դրախտից: Պահքի ամենամեծ խորհուրդն այն էր, որ արգելված էր պտուղն ուտելը: Մեծ պահքը բաղկացած է յոթ կիրակիից, և Բարեկենդանին հաջորդող կիրակին արտաքսման կիրակին է»,-պատմեց նա: Տեր Պետրոսի խոսքով` հայ ժողովուրդը հիմնականում Մեծ պահքը զուգորդում է սննդակարգի փոփոխության հետ, այնինչ Մեծ պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել որոշ կերակրատեսակներից, այլև` վատ սովորություններից` շատախոսությունից, հայհոյանքներից, ստից, գողությունից և այլ մեղքերից: «Եթե սննդակարգից հանում ես որոշ կերակրատեսակներ, բայց չես հրաժարվում վատ սովորություններից, ամեն բան անօգուտ է դառնում: Ի տարբերություն Մեծ պահքի, Բարեկենդանին խրախուսվում են խրախճանքները, ուրախությունները: Ժամանակին գյուղերում մեծ տոներ են կազմակերպել: Այդ ամենը վերականգնելու համար մեր թեմի երիտասարդները Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 23-ին ժամը 13:00-ին կհավաքվեն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ ելույթներ են ունենալու ազգագրական խմբեր, տարբեր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների սաներ: Եկեղեցուց շարժվելու ենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ միջոցառում է նախատեսվում»,-տեղեկացրեց Տեր Պետրոսը և հավելեց, որ կանցկացվեն կոխի ցուցադրական մրցաշար, ազգային խաղեր, թատերական ներկայացումներ, ելույթներ կունենան ազգագրական պարային խմբեր, որոնք կներկայացնեն Բարեկենդանին նվիրված ծեսեր: Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանն ընդգծեց, որ հանրության մասնակցությունը տոնին մշտապես շատ մեծ է լինում: «Մարդիկ մեծ ոգևորությամբ են մասնակցում Բարեկենդանին, սպասում դրան: Բարեկենդանի տոնակատարությունները ամրապնդվել են հանրության շրջանում: Ժողովուրդը պահանջատեր է դարձել: Մեզ հաճախ են զանգահարում, ճշտում, թե երբ և ինչ միջոցառումներ ենք նախաձեռնելու: Այն իրապես սիրելի տոն է դարձել հանրության համար»,-նշեց Տեր Պետրոսը և բոլորին հրավիրեց մասնակցելու տոնին: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը, հավանաբար, կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվելով Մեծ պասով: Մեծ պահքին նախորդող կիրակին Բուն բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ պահքը: Մեծ պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ պահքն ավարտվում է Զատկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Նմանատիպ նյութեր