2471 դիտում
10:53 12-02-2020
Պոետն ակնհայտորեն հակադրվում է պոպուլիզմին, իսկ մեծ հաշվով՝ հեղափոխականությանը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօրվա «համացանցային հրապարակախոսության» մեջ, հավանաբար, ամենահաճախակի մեջբերվողը Գարեգին Նժդեհի խոսքերն են «ազգի տականքի» և «ներքին թուրքի» մասին: Նժդեհի ժառանգությունն, այդպիսով, «յուրացված» է:
Հովհաննես Թումանյանը, ցավոք թե բարեբախտաբար, նման բառեր չէր օգտագործում և, հետևաբար, վիրտուալ ոլորտում մեջբերվող հեղինակներից չէ: Դրանից նրա մտքերը պակաս արդիական չեն դառնում: Այսօր, թերևս, արժե արձանագրել, որ նա մի մարդ էր, որն անկեղծորեն սիրում էր ժողովրդին, խորապես հասկանում էր նրա հոգեբանական արքետիպը, բայց երբեք չէր իդեալականացնում նրան, առավել ևս՝ չէր փորձում նրան հաճոյանալ:
1907 թվականին իր հայտնի «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը գրում էր. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողովուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»: Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում»:
Պոետն այստեղ ակնհայտորեն հակադրվում է պոպուլիզմին, իսկ մեծ հաշվով՝ նաև հեղափոխականությանը: Որովհետև հենց հեղափոխականներն են, որ կարողանում են որսալ կոլեկտիվ բնազդները և, դրանք «թեժացնելով», ձևակերպել՝ որպես «ժողովրդի պահանջ», «ժողովրդի կամք»:
Մտավորականի և հեղափոխականի որոշակի (ոչ սուր, բայց ակնհայտ) հակադրությունը գրեթե անխուսափելի է, քանի որ առաջինի համար կարևոր է մարդը, անհատը, երկրորդի համար՝ զանգվածը: Անհատներով քաղաքական նպատակների չես հասնի, այդ նպատակների համար պետք են մարդկանց մեծ խմբեր, որոնց մտածողությունը ստանդարտացված է, «միջինացված», զուրկ է քննադատական մոտեցումներից:
Եկեք այդ հակադրությանը նայենք հակառակ, այսինքն՝ հեղափոխականի տեսանկյունից: Նույն ժամանակաշրջանում՝ 1908 թվականին ռուս բոլշևիկների առաջնորդը՝ Լենինը, հոդված է գրում Լև Տոլստոյի մասին՝ գտնելով, որ վերջինս իր կամքից անկախ արտացոլել է ռուսական հեղափոխությունը: Արժանին մատուցելով Տոլստոյի հանճարին և գրողի կողմից՝ տիրող բարքերի անխնա քննադատությանը, Լենինը «մյուս կողմից» խիստ ագրեսիվ տոնով հարձակվում է Տոլստոյի վրա՝ նրա դեմ առաջ քաշելով հետևյալ մեղադրանքները.
1/ «ի Քրիստոս խենթացյալ կալվածատեր» է (ռուսերենում յուրահատուկ հասկացություն կա՝ юродство, որը բազմաթիվ իմաստային շերտեր է պարունակում և զուտ «խենթություն» կամ «խևություն» չէ),
2/ «ռուս ինտելիգենտ» կոչվող մաշված, հիստերիկ մի թուլակամ» է, որը զբաղվում է բարոյական ինքնակատարելագործմամբ (ինչն, ըստ Լենինի, մահացու մեղք է),
3/ քարոզում է չարիքին բռնությամբ չդիմադրելը:
20-րդ դարում Ռուսաստանը գնաց այն ճանապարհով, որը մատնանշել էր բոլշևիկ-հեղափոխականը և բացարձակապես հաշվի չառավ այն գաղափարները, որոնք առաջ էր քաշում իր մեծագույն գրողներից մեկը:
Հայաստանը որպես անկախ պետություն երկար պատմություն չունի և դեռևս գտնվում է անցումային փուլում: Գուցե դեռ ժամանակ կա՞ իմաստավորելու մեծ բանաստեղծի ու մտածողի ժառանգությունը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
10:49 05-02-2019
Պետք չէ տրվել պոպուլիզմին․ շատ բաներ կարելի է դնել «ճիշտ ռելսերի վրա»․ «Առավոտ»
934 դիտում
08:43 28-11-2014
«Ժառանգականներ»-ը հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին. Իրավունք
1618 դիտում
09:58 26-06-2021
Արցախը զոհաբերվեց պոպուլիզմին. «168 ժամ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»