2502 դիտում
18:33 11-02-2020
Բավարարվել է ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 2 սպաներին արդարացնելու ստորադաս դատարանների որոշումների դեմ ՀՀ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքը
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Վերջինս կարող է էական նշանակություն ունենալ նշված հանցակազմով քննվող գործերում արարքների որակման նոր քրեաիրավական պրակտիկայի ձևավորման համար և լուրջ զսպող գործոն հանդիսանալ հրամանատարների կողմից իրենց պարտականությունների կատարման բերումով ենթակաների նկատմամբ բռնություն գործադրելուց զերծ մնալու առումով:
Նախաքննության մարմնի՝ 2017թ. հուլիսի 18-ի որոշումներով Ա. Օ.-ին և Ա. Ա.-ին նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2017թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ ՊՆ N զորամասիդասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Ա. Ա.-ն 2016թ. նոյեմբերին` քննությամբ չպարզված օրը, ժամը 06:50-ին, զորամասի շարահրապարակում, ֆիզպատրաստության ժամանակ շարքից ուշանալու պատճառով բռնություն է գործադրել պարտադիր ժամկետային մի զինծառայողի նկատմամբ` ձեռքով հարվածելով վերջինիս պարանոցին:
Իսկ նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ա. Օ.-ն 2016թ. նոյեմբերին, քննությամբ չպարզված օրը, ժամը 08:00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ զինվորական համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով բռնություն է գործադրել վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ` ոտքով հարվածելով վերջինիս ոտքին:
Առաջին ատյանի դատարանը, գործն ըստ էության քննության առնելով, կայացրել էր հանցակազմի բացակայության հիմքով առաջադրված մեղադրանքում նշված երկու անձանց անմեղ ճանաչելու և արդարացնելու որոշում: Դատարանն այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմն առկաչէ: Ըստ դատարանի՝ թեև ամբաստանյալների գործողությունները ձևականորեն պարունակում են նշված հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով դրանք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
Այս որոշման դեմ ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից տարվել էր վերաքննիչ բողոք: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը մերժել և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ էր թողել նույն հիմնավորումներով:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:
Ներկայացված բողոքով ՀՀ զինվորական դատախազը վիճարկել էր այն, որԱ.Օ.-ն և Ա.Ա.-ն, իրենց ենթակա անձնակազմին, որպես պետ, օրինակ ծառայելու, վերջինիս մոտ զինվորական պարտքի գիտակցում սերմանելու փոխարեն, գերադասել են բռնություն կիրառել` իրական հնարավորություն ունենալով կարգազանց զինծառայողի նկատմամբ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով նախատեսված կարգով կիրառել կարգապահական տույժ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների և «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ լույսի ներքո փաստվել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Բացի այդ՝ փաստվել է նաև, որ ստորադաս դատարանները Ա.Օ.-ի և Ա.Ա.-ի կատարած արարքները նվազ կարևոր դիտելիս հաշվի չեն առել, որ վերջիններիս արարքներում առկա է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը կայացված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չներկայացնելու հիմնավորմամբ սպաների գործողությունները հանցագործություն չհամարելու ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով:
«Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելու համար ստորադասի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումը` նույնիսկ եթե դա կատարվել է վերջինին կարգի հրավիրելու նպատակով: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի այդ երբեմն կարող են ավելի ծանր հետևանքների հանգեցնել»,-նշել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ հավելելով նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ հանցավոր արարքներից մեկը կատարվել է այլ զինծառայողների ներկայությամբ` զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը