211652_close_icon
views-count13561 դիտում article-date 16:47 11-02-2020

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ. Երևանի քաղաքապետարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում: Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է: «Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում ենք, որ նրան տուն տանեն՝ նա դասասենյակ չի բարձրանում»,- նշում է Խ. Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի բույժքույր Նաիրիա Ջուլֆայանը: Օրեր առաջ Երևանի հ.8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե երեխաներին, թե ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ առաջացնելու ներուժ: «Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայություն, այնուհետ նաև լրատվամիջոցներին: Տարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ»,-ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը: Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետև նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից: «Միանշանակ որևէ համաճարակային իրավիճակ չկա: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկա, կան գրիպի մի քանի տեսակներ՝ Ա, Բ, իսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ է, որի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել»,-նշում է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը: Այսօրվա տվյալներով երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները: «Գնահատական տալ, որ բոլորը բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետև բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաև ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն»,-պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները: Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար: Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաև շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ: Եղանք նաև մանկական հիվանդանոցում: Սուր-շնչառական վարակով հիվանդներ ունեն, գրեթե այնքան, որքան ամեն տարվա այս նույն ժամանակահատվածում: «Միջին ստանդարտ տեմպերով ընդունում և դուրս ենք գրում երեխաներին: Չեմ կարող ասել, որ հիվանդացության կտրուկ աճ կա»,-ասում է «Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Գևորգ Բոյաջյանը: Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն պետք է առաջնահերթորեն դիմել պոլիկլինիկա՝ բժշկի: Կարևոր է նաև գրիպի առկայության դեպքում երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չտանելը: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացն էլ կազմակերպվում է բնականոն հունով: Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն: [b]Երևանի քաղաքապետարան [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր