Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունները նկատելիորեն նպաստում են նաեւ մայրաքաղաք Երեւանի զարգացման ծրագրերի իրականացմանը:
Մասնավորապես, Հայկ Մարությանը կարեւորել է «կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երեւանի եւ Շվեդիայի քաղաքների միջեւ համագործակցության ներուժը:
Իր հերթին դեսպան Թիդեստրյոմը արձանագրել է, որ Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններն աննկատ չեն մնացել Սթոքհոլմում, ինչը լավատեսության հիմքեր է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման համար, այդ թվում՝ համայնքային մակարդակում: