211652_close_icon
views-count8553 դիտում article-date 23:16 08-02-2020

Լարսը փակ է. ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները (բոլոր տեսակի ավտոմեքենաների համար), Տավուշի մարզի Դիլիջանի թունելը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Երևանի-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածը երկկողմանի փակ է: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն: Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան մոտ 50-60, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի տարածքում՝ մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր