Հանրաքվե՝ «Հրայր Թովմասյանի հարցով»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ մանկության տարիներին մի մուլտֆիլմ կար (ցավոք, չեմ գտնում youtube-ում). մեկը կացինով մի ամբողջ հսկայական ծառ է ջարդում՝ մեկ հատիկ լուցկի ստանալու նպատակով: Վերջում էլ այդ լուցկին կոտրվում է: Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելը և այդ նպատակով համաժողովրդական հանրաքվե անցկացնելը դրա նման մի բան է: Այդքան ջանք և ռեսուրս (առաջին հերթին՝ քարոզչական) ծախսելը՝ մեկ մարդու պաշտոնանկ անելու համար կարող է վկայել միայն հստակ հոգեբանական մտասևեռումների մասին:
Եթե ես լինեի այդ պաշտոնյան ու տեսնեի, որ իմ պատճառով պետք է հարյուր հազարավոր մարդիկ նեղություն կրեն, պետական բյուջեից մեծ գումարներ ծախսվեն և բացառված չէ, օրենք խախտվի, ես, իհարկե, հրաժարական կտայի: Բայց պարզ է, որ տարբեր մարդկանց համար պաշտոնն ու իշխանությունը կարող է տարբեր նշանակություն ունենալ:
Ազգային ժողովում քննարկումն ընթանում էր հետևյալ սխեմայով: Ընդդիմադիրները մտահոգություններ էին իրավական խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ եթե այդ փոփոխությունները կատարվեն՝ հանրաքվեից առաջ Սահմանադրական դատարան չուղարկելով և դրական եզրակացություն չստանալով, կարող է խախտվել Սահմանադրությունը: (Ի դեպ, նմանատիպ մտահոգություններ ունեն նաև ԵԽԽՎ համազեկուցողները՝ զգուշացնելով, որ «առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա»):
Իշխանության պատգամավորներն ու վարչապետը իրավական խնդիրների մեջ չէին խորանում՝ նրանք խոսում են այն մասին, թե որքան վատն են նախկին իշխանությունները: Թեև այդ դիտարկումների զգալի մասի հետ կարելի է համաձայնել, բայց դրանք բուն թեմայի հետ կապ չունեն: «Լայքաբեր» և «սրտիկաբեր» էմոցիոնալ արտահայտությունները և թունդ որակումները չեն պատասխանում հիմնական հարցին՝ որքանո՞վ է առաջարկվող ճանապարհը օրինական»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]