211652_close_icon
views-count2820 դիտում article-date 15:19 06-02-2020

Որոշ ընկերություններ չարաշահում են տրված արտոնությունը. Փաշինյան

Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հումքի ներկրման համար տալիս ենք հարկային և մաքսային արտոնություններ, որպեսզի հումքը ներկրի, Հայաստանում իրականացվի արտադրական գործունեությունը և ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը և այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը: Ստացվում է, որ այս արտոնություններով մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ առնվազն 3 նման դեպք ՊԵԿ-ը ներկայացրել է իրեն: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է, նաև հնում տրված արտոնություններն են չեղարկվում. «Մենք նույնպես հետևողական ենք, ես խնդրել եմ, որ և՛ ՊԵԿ-ը, և՛ Ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցին»:

Նմանատիպ նյութեր