211652_close_icon
views-count2250 դիտում article-date 11:52 06-02-2020

Ազատությունը չի կարող տրվել միայն իշխանությունների կողմից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր տեղի է ունենալու խորհրդարանի հերթական նիստ, որի ընթացքում իշխանությունը հերթական փորձն է անելու ազատվելու իրենց չհավանած Հրայր Թովմասյանից: Իհարկե, կարող եմ կանխատեսել, թե ինչ փաստարկներ է բերելու իշխանությունը՝ Թովմասյանի անձն այստեղ կապ չունի, ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, ՍԴ նախագահը լեգիտիմ չէ, մեզ պետք է ՍԴ, որը կհամապատասխանի ժողովրդավարական պետություն կառուցելու պահանջներին, մեզ պետք է, որ կայանա անկախ դատական համակարգը: Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն այդ մոտեցումների հետ համաձայն չեն լինելու, նաև զգուշացնելու են սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու միջազգային հետևանքների մասին: Որ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր տեսակետներ ունեն և վիճում են խորհրդարանում՝ դա նորմալ է, շատ ավելի վտանգավոր կլիներ, եթե այդ հարցում լիներ կատարյալ միակարծություն: Բայց Հայաստանն ունի յուրահատկություն, որին մենք առնչվել ենք նաև 1998-ից հետո. պաշտոնական կարծիքի հետ ցանկացած անհամաձայնություն իշխանության կողմից մեկնաբանվում է որպես հավատարմություն «նախորդ հանցավոր ռեժիմին»: Ըստ այդմ՝ այսօրվա նստաշրջանում ընդդիմության պահվածքը մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն վերջնականապես բացահայտեցին իրենց դեմքը, այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ նրանք սպասարկում են ժողովրդի կողմից հեռացված նախկին կոռումպացված ռեժիմի շահերը»: Ձևակերպումը տալիս եմ կոռեկտ քաղաքական լեզվով: Պարզ է, որ ֆեյսբուքում իշխանության կողմնակիցները շատ ավելի թունդ բառեր կգրեն, որոնցից ամենամեղմը կլինի «davachan»-ը: Կկարողանա՞ն ընդդիմադիր պատգամավորները դիմանալ այդ բարոյական ճնշմանը, թե՞ տեղի կտան շանտաժին՝ դա մի հարց է, որը սկզբունքային նշանակություն ունի միայն այսօր: Ի վերջո, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան կամ «ֆեյսբուքամերձ» աղմուկ, այսօր ալիքը կբարձրանա, վաղը կմարի: Բայց այս փոքրիկ դրվագը առիթ է տալիս մտածելու, թե ինչ է ընդհանրապես ժողովրդավարությունն ու ազատությունը: 19-րդ դարի անգլիացի պատմաբան լորդ Ջոն Դալբերգ-Աքթոնը հայտնի է իր ասույթով՝ «իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես»: Բայց նա հետաքրքիր մտքեր ունի նաև ազատության մասին. «Ազատություն ասելով՝ ես հասկանում եմ համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ պիտի պաշտպանված լինի՝ անելու այն, ինչն իր կարծիքով իր պարտքն է՝ ի հեճուկս իշխանության և մեծամասնության, ավանդույթների և կարծիքների ազդեցության»: Եթե ազատությունն այդպես է հասկացվում, ապա այն չի կարող տրվել միայն իշխանությունների կողմից: Դա նաև ներքին համոզմունք է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր