211652_close_icon
views-count7258 դիտում article-date 10:54 21-09-2017

Հայրը, կինը, զոքանչը, կառավարությունը, ռուսները, ամերիկացիները սահմանափակում են իր ազատությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մինչև 1991 թվականը անկախության գաղափարը մեր հասարակության օրակարգում գրեթե չկար: Բացի մի խումբ այլախոհներից, մտավորական վերնախավը հեռու էր այդ գաղափարից: Հայրենասիրություն՝ այո, ցեղասպանության հիշատակ՝ այո, Մասիս սարի կարոտ՝ այո, բայց երբեք ոչ՝ պետականության զգացողություն: Դրանով մեր վերնախավը տարբերվում էր վրացական, ուկրաինական և բալթյան վերնախավերից: Խորհրդային Հայաստանի հասարակության մեծ մասը մտածում էր՝ «ավելի լավ է ապրենք կայսրության կազմում, մեկ էլ տեսար այդ կայսրությունը մեր հանդեպ բարի գտնվի և մեր պատմական հողերը թուրքի ձեռքից առնելով՝ մեզ նվիրի»: Այդ ամենի հետևանքով 26 տարի առաջ մեր հասարակությունը բացարձակապես պատրաստ չէր անկախությանը, և կարճատև էյֆորիայից հետո ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Բայց հիմա էլ ուշ չէ: Երբեք ուշ չէ: Պարզապես պետք է հասկանալ, որ անկախ ապրելն ավելի դժվար է, երբեմն ավելի մեծ զոհեր և տառապանքներ է պահանջում, քան որևէ մեկի թևի տակ գոյատևելը: Այդպես է թե՛ անհատական, թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակներում: Երբ զավակը գնում է տնից և ասում է՝ ես ուզում եմ ընտանիք կազմել, տուն, աշխատանք ունենալ, և այդ ամենն ուզում եմ անել ինքնուրույն, առանց որևէ մեկի հովանավորության, նա, բնականաբար, իր վրա հսկայական բեռ է վերցնում: Եվ բացառված չէ, որ մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո նա փոշմանի իր քայլի համար, գնա հորական տուն ու խնդրի՝ «պապա, օգնիր ինձ»: Երբ մարդն աշխատանք չունի, փոքր աշխատավարձ է ստանում կամ բիզնեսում անհաջողության է մատնվում, նրան շատ դժվար է համոզել, որ դրա պատճառն իր մեջ է. իր ծուլության, իր սխալ հաշվարկի, սխալ ընտրության, իր ուժերը թերագնահատելու կամ գերագնահատելու մեջ: Նա հակված է պատճառները փնտրել արտաքին հանգամանքների մեջ և առաջին հերթին չարիքների արմատը տեսնում է նրանում, որ «կառավարության պապաները» նրան լավ չեն նայում: Երկրի անկախության պարագայում հոգեբանական մեխանիզմը մոտավորապես նույնն է՝ սկզբից մարդիկ մտածում են, որ «Ջերմուկով» երկիր են պահելու, հետո, երբ դա չի ստացվում, բացականչում են՝ «պե՞տք էր մեզ այդ անկախությունը, բա ափսո՞ս չէր էն գյոզալ սովետը»: Եթե անհատը չի ցանկանում ազատ լինել, նա կգտնի հազարավոր գործոններ, որոնք սահմանափակում են իր ազատությունը՝ հայրը, կինը, զոքանչը, կառավարությունը, ռուսները, ամերիկացիները: Մինչդեռ ազատությունն ու անկախությունը ամեն մեկի որոշման և վճռականության հարց է: Կարդացեք Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» գիրքը: Այնտեղ մանրամասնորեն նկարագրված են փախուստի բոլոր դեպքերը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր