211652_close_icon

ՀՀ ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

views-count1920 դիտում article-date 16:32 03-02-2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ • ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, • ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, • փաստաբանի իրավունքին, • բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, • ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր