211652_close_icon
views-count3256 դիտում article-date 23:35 01-02-2020

Կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է. ավելացել են արտադրության և արտահանման ծավալները, շուկայում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, նվազել են իրացման մանրածախ գները

ՀՀ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի ընթացքում ուսումնասիրություն է իրականացրել «Կարագ» ապրանքային շուկայում՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրություններով արձանագրված բարձր կենտրոնացվածության մակարդակը, ինչպես նաև կարագի՝ նվազագույն սպառողական զամբյուղում զգալի տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը: Ուսումնասիրության նպատակն էր ներմուծումից և արտադրությունից մինչև վերջնական սպառողներին իրացման շղթայում առկա մրցակցային խնդիրների վերհանումը և շրջանառության ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցության գնահատումը առկա մրցակցային միջավայրի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 36 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ, միաժամանակ մոտ 46 տոկոսով ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը, ինչն ուղեկցվել է նաև կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի): Հանձնաժողովն արձանագրել է նաև թվով 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը կարագի ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը 64 572 կգ կարագ: 2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել են արտահանված կարագի ծավալները՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով (3-ից հասնելով 5-ի): Ուսումնասիրված ժամանակահատվածում կարագի (բարձր գնային սեգմենտի) մանրածախ գները տատանվել են շուրջ 4700-4300 դրամի սահմաններում՝ դրսևորելով նվազման դինամիկա: Ուսումնասիրությունները նաև փաստել են, որ շատ հաճախ առևտրի կետերում (հատկապես խոշոր առևտրային ցանցերում) կարագը, սփրեդը և մարգարինը ներկայացված են միասին, ինչը հատկապես կգ-ով վաճառքի պարագայում կարող է շփոթություն առաջացնել սպառողների շրջանում: Խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովն առաջարկել է օրենսդրությամբ պահանջ սահմանել մանրածախ առևտրի կետերում վերոնշյալ ապրանքների առանձնացված կերպով ներկայացման համար: Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում «Կարագ» ապրանքային շուկան շարունակել է համարվել բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, 2018 թվականի համեմատվող ժամանակահատվածի նկատմամբ կենտրոնացվածությունը ցույց տվող ինդեքսների արժեքը զգալիորեն կրճատվել է, ինչը վկայում է շուկայում առկա մրցակցային միջավայրի բարելավման մասին: Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական [url=http://competition.am/uploads/resources/Butter_commodity_market.pdf]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր