211652_close_icon

«Փոքր» լինելն այլևս խնդիր չէ․ Հայաստանը կարող է լուրջ գործոն լինել, ինչպես հարյուր միլիոնանոց ազգերը․ «Առավոտ»

views-count3186 դիտում article-date 10:43 01-02-2020
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Մենք փոքր երկիր ենք, հարևանների հետ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ ինչպե՞ս կարող ենք ազդել այս բարդ տարածաշրջանում տեղի ունեցող պայթյունավտանգ գործընթացների վրա»: Այդ տրամաբանությունը խորապես արմատավորվել է հայաստանյան հասարակության մեջ: Եթե անգամ դա ուղիղ տեքստով չի ասվում, նկատի է առնվում ենթատեքստում: Այդ մոտեցումը թերևս ճիշտ կլիներ 19-րդ դարում, անգամ 20-րդ դարում՝ մինչև 90-ական թվականները: Բայց վերջին 30 տարում տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն աշխարհակարգում, այլև (դրա հետ սերտորեն կապված) տնտեսության, գիտության մեջ, տեխնոլոգիաներում, բիզնեսի կազմակերպման ոլորտում: Փոփոխությունները կարելի էր տեսնել արտադրության օրինակով: Ինչ էր իրենից ներկայացնում մեծ գործարանը 20-րդ դարում՝ անկախ նրանից, թե ինչպիսին էր արտադրության ձևը՝ «կապիտալիստական», թե «սոցիալիստական». տնօրեն, փոխտնօրեններ՝ այս կամ այն «գծով», վարչություններ, բաժիններ, արտադրամասեր՝ իրենց պետերով, գլխավոր և ոչ գլխավոր տեխնոլոգներով, էլեկտրիկներով և այլն: Ինչպիսին է աշխատանքի կազմակերպումը ժամանակակից IT ձեռնարկությունում. դարձյալ կա տնօրեն, որովհետև պետք է մեկը լինի, որը զարգացման տեսլական ունենա և մտածի ռազմավարության մասին, իսկ մնացածը խմբեր են 5-20 հոգուց բաղկացած՝ իրենց մենեջերով, որոնք իրականացնում են իրենց առաջ դրված խնդիրը՝ որքան շատ լինի ստեղծագործական տարրն այդ աշխատանքում, այնքան լավ: Այս պայմաններում որքան շատ մարդ իրեն «լիդեր» զգա իր գործում, այնքան լավ՝ ձեռնարկության համար: Փոքրումեծ, ըստ էության, գոյություն չունի. վիրտուալ, հեռահար կապն ապահովվում է թե՛ այդ խմբերի, թե՛ ձեռնարկությունից դուրս գտնվող խմբերի միջև: Ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ, որ այդ խմբերը գտնվեն նույն պետության տարածքում: Աշխարհակարգը նույնպես գնում է դեպի այս մոդելը. նախկին հիերարխիաներն այլևս չեն գործում, կարևորը ստեղծագործական ջիղն է և կապերն են, կամ, եթե ավելի գիտական եզր օգտագործենք, սիներգիան՝ համագործակցությունը, աջակցությունը, օգնությունը, բազմաթիվ խմբերի գումարային էֆեկտը: Հայերը (Հայաստան պետության գլխավորությամբ) այստեղ կարող են նույնքան լուրջ գործոն լինել, որքան հարյուր միլիոնանոց ազգերը: Միայն մի պայմանով՝ «աշխատանքի ճիշտ կազմակերպման» դեպքում, որի տակ այս պարագայում պետք է հասկանալ համագործակցության ամենաարդյունավետ ձևաչափը: ․․․Մասնագետներն արձանագրում են. ժամանակի ընթացքում՝ 1990-ականների կեսերից սկսած, այն առաջարկները, որոնք ԱՄՆ-ը և Իսրայելը ներկայացնում են պաղեստինցիներին, ավելի և ավելի վատն ու մերժելի են դառնում: Դրա բացատրությունը պարզ է. նույն ժամանակահատվածում արաբական աշխարհն ավելի և ավելի է պառակտվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր