Հոլանդացի մոտոարշավորդը «Դաքարում» ստացած վնասվածքներից մահացել է
Հոլանդացի մոտոարշավորդ Էդվին Ստրավերը մեկ շաբաթ անց մահացել է վնասվածքներից, որոնք նա ստացել էր «Դաքար» ռալիի 11-րդ փուլում:
Ստրավերը հանրահայտ ավտոմրցաշավի 11-րդ փուլում՝ Սաուդյան Արաբիայում ընկել էր ավազաբլուրից՝ կոտրելով պարանոցը: Մոտ տաս րոպե 48-ամյա հոլանդացու սիրտը կանգնած է եղել:
Ստրավերին հայտնաբերել էր պորտուգալացի ավտոարշավորդ Մարիու Պատրաուն, որը բժիշկների խումբ է կանչել և տուժածի մոտ է մնացել մինչև նրանց ժամանելը: Վթարի վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները Ստրավերին ուղղաթիռով տեղափոխել են Էր-Ռիյադի հիվանդանոց: Այնտեղից հունվարի 22-ին Էդվինին տեղափոխել էին Հոլանդիա, որտեղ էլ այս գիշեր մահացել է:
Հոլանդացին երրորդ անգամ էր մասնակցում «Դաքարի» մրցարշավին: Նրա լավագույն արդյունքը եղել է նախորդ տարի 30-րդ տեղը:
Ավելի վաղ այս մրցարշավը խլել էր պորտուգալացի մոտոարշավորդ Պաուլու Գոնսալվեշի կյանքը, որը զոհվել էր յոթերորդ փուլում:
Ստրավերը դարձավ «Դաքարի» 30-րդ զոհը: Վերջին անգամ ռալիում ողբերգական դեպք էր գրանցվել 2015 թվականին, երբ Արգենտինայոմ զոհվեց լեհ մոտոարշավորդ Միխալ Հերնիկը: