2101 դիտում
12:33 24-01-2020
«Այլևս երբեք․․․». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։
«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի և Յադ Վաշեմի համագործակցությամբ, տեղի է ունենում համաժողովը: Շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:
Ելույթներով հանդես են եկել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Յադ Վաշեմի խորհրդի նախագահ, Հոլոքոսթը վերապրած ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն:
Ելույթ ունեցողները նշել են, որ պատահական չէ, որ համաժողովը տեղի է ունենում Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը՝ համաժողովը ևս մեկ անգամ հղել է այն ուղերձը, որ հակասեմիտիզմը, այլատյացությունը, ռասիզմը, անհանդուրժողականությունը չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Դրանց հիշատակումը, ճանաչումը և աներկբա դատապարտումը բոլորի բարոյական պարտքն է և առաջնային պարտականությունը՝ հանուն անցյալի և մարդկության ապագայի։
Նշվել է, որ Յադ Վաշեմում հավաքված առաջնորդներին համախմբել է պատասխանատվությունն անցյալի և ապագայի հանդեպ։ Հիշողությունն անհրաժեշտ է՝ չմոռանալու զոհերի և վերապրածների տառապանքների մասին, թույլ չտալու, որ այլևս երբեք որևէ երկրում որևէ ժողովրդի կյանքում, որևէ անգամ նման հանցագործությունները կրկնվեն: Որպես պատասխանատվություն ապագայի և սերունդների հանդեպ՝ նրանք հնչեցնում են «Այլևս երբեք․․․»:
Բազմազգ նվագախումբը և երգչախումբը մաեստրո Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ երաժշտության համամարդկային լեզվով ուղերձ են հնչեցրել հանուն խաղաղության և ներդաշնակության:
Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ:
Հայաստանի նախագահը և համաժողովի մասնակից մյուս պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1884 դիտում
16:20 22-01-2020
Նախագահ Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին
Այս բաժնից
562 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1123 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն