1884 դիտում
16:20 22-01-2020
Նախագահ Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:
«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։
Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է:
Համաժողովը տեղի է ունենում Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի բարձր հովանու ներքո, կազմակերպվել է գիտնական և բարեգործ Մոշե Կանտորի ղեկավարությամբ գործող «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի կողմից՝ Յադ Վաշեմի հետ համագործակցությամբ։
Երուսաղեմում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ։ Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, այլ պաշտոնյաների հետ, կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան։
Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
14:42 31-10-2021
ՀՀ նախագահ Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող COP26 միջազգային համաժողովին
1435 դիտում
11:10 22-10-2018
Նախագահը Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին