211652_close_icon
views-count2312 դիտում article-date 22:36 28-09-2020

Երկխոսությունը պետք է լինի ոչ միայն գերտերությունների միջև, այլև ավելի ընդգրկուն. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC-2020 համաժողովում: Միջոցառման մասնակիցներին թվում են եղել նաև Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նոր աշխարհում ոչ միայն կիբերանվտանգության ոլորտում աշխատելը, այլև տվյալների ու դրանց կառավարման, ողջ վիրտուալ աշխարհի անվտանգությունը պահպանելը մեծ նշանակություն ունեն: «Այսօր առավոտյան, երբ մտածում էի այս երկու բառերի մասին՝ «կիբեր» և «անվտանգություն», կարծում էի՝ կարելի է ևս երկու բառ միացնել՝ «քվանտայինը» և «երկխոսությունը»,-ասել է Հայաստանի նախագահը:- Ինչո՞ւ քվանտային, որովհետև մենք ապրում ենք բոլորովին նոր աշխարհում: Սա մի աշխարհ է, որտեղ տվյալներ կառավարող ընկերությունները դարձել են շատ ավելի մեծ, քան նավթային ընկերությունները: Սա մի աշխարհ է, որտեղ մենք Հայաստանից կարող ենք զանգահարել Ավստրալիա կամ Արգենտինա և առցանց քննարկումներ ունենալ, կապ պահպանել միմյանց հետ: Ապրում ենք աշխարհում, որտեղ կորոնավիրուսի համավարակը դարձել է համաշխարհային համավարակ այն դեպքում, երբ նախկինում համավարակները աննկատ հայտնվում էին և անհետանում: Այս ամենի արդյունքը, անշուշտ, փոփոխված աշխարհն է: Աշխարհը փոխվել է: Այս նոր աշխարհում մարտահրավերները ևս նոր են: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, կիբերսպառնալիքներն են: Հետ գնանք 2009 թվական: Ես մի միջոցառման կամ կազմակերպության մասն էի կազմում, որը ստեղծվել էր ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այն կոչվում էր Եվրաատլանտյան անվտանգություն նախաձեռնություն, որի նպատակն էր քննարկել ապագա մարտահրավերները, այդ թվում ՝ կիբերանվտանգության հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ կիբերանվտանգության հետ կապված սպառնալիքներն այնքան համընդհանուր չէին, ինչպես այսօր է: Մտածում էի, թե այդ ժամանակ ինչպե՞ս էինք կառավարում կիբերանվտանգությունը: Արդյո՞ք լուծումները տեխնոլոգիաները, պաշտպանական համակարգերն էին: Իմ եզրահանգումն այն է, որ այս համատեքստում ամենակարևոր բառը երկխոսությունն է՝ հետ գնալով դեպի սառը պատերազմի ավարտը և Բեռլինի պատը, երբ հեռատես առաջնորդները, ինչպիսիք էին նախագահը Շմիդտը, Մարգարետ Թետչերը, նախագահ Ռեյգանը, հետագայում նախագահ Բուշը, քաջություն դրսևորեցին ու հակառակ կողմի հետ երկխոսության գնացին: Երկխոսությունը պետք է լինի ոչ միայն գերտերությունների միջև, այլ պետք է լինի ավելի ընդգրկուն, ավելի խորը՝ ընդգրկելով Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը: Ուրախ էի լսել, որ նախագահ Պուտինը երկխոսություն է առաջարկել ԱՄՆ-ին, բայց դա գործընթացի միայն սկիզբն է, որովհետև հետո դու պետք է ներգրավես այլ մեծ ուժերի, այնուհետև ավելի փոքր ուժերի՝ ներառյալ ավելի փոքր երկրները: Մեր բոլոր երկխոսությունները պետք է ներառեն շատերին՝ ստեղծելով համակարգեր, համաձայնություններ, սահմանափակումներ: Սակայն մենք այս ամենը չենք կարող ունենալ, եթե չունենանք երկխոսություն: Երբ այսօր մտածում եմ կիբերանվտանգության մասին, եզրափակիչ խոսքերս հետևյալն են՝ բարի գալուստ նոր աշխարհ, աշխարհ, որտեղ գերիշխող են լինելու տվյալներն ու համացանցը, աշխարհ, որտեղ տվյալների ընկերությունները տասն անգամ ավելի մեծ են նավթային ընկերություններից: Բարի գալուստ մի աշխարհ, որը, թվում է, շատ անկայուն և անկանխատեսելի, ոչ ապահով՝ կիբերանվտանգության և տվյալների կառավարման տեսանկյունից: Իսկ մարդկության ամենամեծ արժեքն այսօր տվյալներն են: Մենք այսօր առերեսվում ենք շատ սպառնալիքների, որոնցից են համավարակը, որը փոփոխվող աշխարհի արդյունք է, այլ ոչ թե հետևանք, կլիմայական խնդիրները, որոնք մարդկության տեխնոլոգիական առաջընթացի հետևանք են: Իհարկե, մեծագույն սպառնալիք է նաև կիբերանվտանգությունը: Ժամանակն է լրջանանալու և լրջորեն մտածելու, թե ինչպես պայքարել կիբերհարձակումների դեմ և աշխարհն ավելի անվտանգ դարձնել: Եթե մենք չփոխվենք, չգիտակցենք, ապա կունենանք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Առաջ գնալու ճանապարհը գիտակցելն է, որ մենք ունենք նոր օրենքներ, որոնցով շարժվում է այս նոր աշխարհը: Սա բարդ աշխարհ է: Եթե մենք օգտագործենք մեր առողջ բանականությունը և գիտելիքի ուժը, կհասկանանք, որ փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենալու, քան նախկինում: Իրերը փոխվելու են ամեն օր, նոր տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն օգտակար են մարդկության համար, այլև մեծացնում են ռիսկերը: Եզրափակիչ խոսքս հետևյալն է՝ երկխոսությունը կարևոր է»:

Նմանատիպ նյութեր