211652_close_icon
views-count1514 դիտում article-date 12:21 21-01-2020

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գործարար հանրության ներկայացուցիչների ու հեղինակավոր փորձագետների՝ քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ: Համաշխարհային տնտեսական համաժողովի 2020 թվականի ամենամյա հանդիպումը պաշտոնապես բացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ Ողջույնի ուղերձ հղելով ներկաներին՝ նա մասնավորապես ասել է, որ հպարտ է այն համայնքով, որ կարողացել են ձևավորել անցած հիսուն տարիների ընթացքում։ Նա հատկապես ողջունել է Երիտասարդ գլոբալ առաջնորդներին (Young Global Leaders) և Գլոբալ փոփոխություն կերտողներին (Global Shapers), որոնք հավատում են աշխարհի փոխկապակցվածությանը և պատրաստ են միասին աշխատել։ Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի ֆորումը հաղթողներ է ճանաչել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար: Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպման բացման առիթով կազմակերպված համերգում միասնության և ուրախության միջազգային կոչով հանդես է եկել Եվրամիության պատանեկան նվագախումբը՝ Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախմբի երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր