Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով
Այսօր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:
Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:
Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:
Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն
-բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ
-կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար
-բաժանմունքում առկա բժշկական սարքավորումների պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ
-բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ վերջինիս լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի ՀՀ Առողջապահության նախարարություն: