211652_close_icon
views-count2439 դիտում article-date 19:03 27-12-2019

Նախարարությունը պարզաբանել է նպաստների տրամադրման նոր կարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման հետ: Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը. «Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշումը շահարկումների առիթ է դարձել: Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր ընտանիքից ստանալով դրա վերաբերյալ համաձայնությունը: Ստացված տեղեկատվությունը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի կողմից ներկայացվելու է տարածքային մարմիններին, որոնց կողմից յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստացված տեղեկությունների բազմակողմանի քննության և հանգամանքների վերհանման արդյունքում միայն կորոշվի տվյալ ընտանիքի՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը: Նշենք, որ ՀՀ գործող օրենդրությամբ՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներից 5-ն ունեն կողմնորոշիչ բնույթ: Հաշվի առնելով հանրապետությունում տարիներ ի վեր գոյություն ունեցող ստվերային զբաղվածությունը և արտերկրից ստացվող հնարավոր դրամական օգնությունները, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք խոսում են տվյալ ընտանիքի հնարավոր ստվերային եկամուտների մասին: Դրանք այն ցուցանիշներն են, որոնց առկայության պարագայում սահմանվում է ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրության պարտադիր պահանջ: Դրանք են՝ անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը. անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը. ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարների կատարումը. ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը: Այդ ցուցանիշները նկարագրող գործակիցներն ունեն երկու արժեք՝ ՄԵԿ ԿԱՄ ԶՐՈ: Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությամբ նման ընտանիքների համար կիրառվում է գործակցի երկու արժեքներից որևէ մեկը: ՄԵԿ, եթե ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է և ընտանիքը պետք է շարունակի ստանալ համակարգով նախատեսված հնարավոր աջակցությունները, այդ թվում նպաստը: ԶՐՈ գործակիցը կիրառելու պարագայում ընտանիքը չի կարող այլևս ստանալ որևէ աջակցությունը, որը տրամադրվում է այդ համակարգով: Սակայն այս որոշումը կարող է վերանայվել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված: «Ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներին ավելացված չափոփոշիչը՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը, դասվում է վերը նկարագարված կողմնորոշիչ չափոփոշիչներին, որի առկայության պարագայում միայն կարելի է վարկառու ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական տալ: Ընդ որում հարկ է նշել, որ այս որոշումները կայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ, որի 11 անդամներից 6-ը ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ են»:

Նմանատիպ նյութեր