211652_close_icon
views-count1078 դիտում article-date 17:45 25-12-2019

Արտոնություններ՝ տեղական տուրքերի, վճարների ու գույքահարկի մասով. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին

Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող այն սուբյեկտների համար, որոնց 2019թ. հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվի տեղական տուրքի արտոնություն: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին: Մասնավորապես, Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2020թ. տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով, առևտրի օբյեկտներին՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով և հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով: *** Ավագանու որոշմամբ արտոնություններ են սահմանվել նաև 2020թ. տեղական որոշ վճարների համար: Օրինակ, մանկապարտեզները կմնան անվճար այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, Սիրիայից հայրենադարձված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս ցանկից դուրս գտնվող ընտանիքների երեխաների համար ավագանին ևս արտոնություն է սահմանել՝ վճարի չափը նվազեցնելով և սահմանելով ամսական՝ 8000 ՀՀ դրամ: Նշված խմբերին արտոնություններ կտրամադրվեն նաև Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) սովորող երեխաներին: Նրանց համար երգեցողության, պարարվեստի, կերպարվեստի, թատերարվեստի, նաև գործիքային բաժիններում ուսուցումը ամսական կկազմի 8000 դրամ: Բացի այդ, այն երեխաները, որոնք մինչև 2018թ. հունվարի 1-ը վճարել են ավելի քիչ, քան 2020 -ի համար սահմանված տեղական վճարի նկատմամբ սահմանված արտոնության չափը, այսինքն 8000 դրամից պակաս՝ դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող երեխաների ծնողները քաղաքապետին դիմելու դեպքում կազատվեն վճարից ընդհանուր առմամբ 300 երեխայի համար։ Նույն սկզբունքով ևս 800 երեխայի հաշվարկով կսահմանվի արտոնություն՝ 50%-ի չափով: Տարբերությունը կրթօջախներին կհատկացվի համայնքային բյուջեից: Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց տեղափոխող փոխադրամիջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճարը կչեղարկվի. կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը: Ավագանին սահմանել է նաև համայնքային թանգարանների մուտքի վճարների արժեքը: *** Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծով էլ արտոնություն տրվեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին: Վերջիններն ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության պարագայում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:

Նմանատիպ նյութեր