211652_close_icon
views-count1076 դիտում article-date 18:26 20-12-2019

Փրկարար ծառայության լավագույն մասնագետները պետք է իրենց փորձը փոխանցեն նոր սերնդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական, ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ: Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները և շնորհավորեց հաղթողներին` մաղթելով էլ ավելի արդյունավետ աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության: Անդրադառնալով նախօրեին զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման դեպքին` ծառայության տնօրենը նշեց փրկարարական աշխատանքների հետ կապված թերությունները և տվեց համապատասխան հանձնարարականներ` ծառայության բոլոր օղակների միջև աշխատանքն ավելի ներդաշնակ կազմակերպելու նպատակով: Երևան քաղաքի և մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարվեց ճշտել և հաշվառել իրենց համապատասխան տարածքներում առկա շինարարական ընկերություններին պատկանող ինժեներական տեխնիկաները: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ընկերությունների հետ փոխհամագործակցության միջոցով այդ տեխնիկական միջոցները ներգրավվել փրկարարական աշխատանքներում: Բոլոր ուսումնական հաստատություններում նախատեսվում է ստեղծել ուսանողական փրկարարական կազմակերպություններ: Ուսանողները կանցնեն համապատասխան վերապատրաստում և հարկ եղած դեպքում կմասնակացեն փրկարարական աշխատանքներին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ ինչպես Սպիտակի երկրաշարժի դառը փորձն է ցույց տալիս` լինում են դեպքեր, երբ նման կազմակերպված և հավելյալ օգնության անհրաժեշտություն է լինում: Հանձնարարվեց համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և կազմակերպել ուսանողական փրկարարական կազմակերպությունների ստեղծման աշխատանքները: Երևան քաղաքի և մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարվեց հաշվառել բոլոր 16 և ավել հարկանի շենքերը, ներկայացնել դրանց ցանկը և բնութագրերը:Նախատեսվում է ստուգել բոլոր նմանատիպ բարձրահարկ շինություններում հակահրդեհային միջոցների առկայությունը: - Անձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում պետք է ցուցաբերել նոր մոտեցում,- շեշտեց Վ. Գաբրիելյանը և հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել առաջարկություններ` ուսուցման կազմակերպման բարելավման վերաբերյալ: Նաև կարևորվեցին նոր ընդունվող աշխատակիցների հետ տարվող ուսուցողական աշխատանքները: -Փրկարար ծառայության լավագույն մասնագետները պետք է իրենց փորձը փոխանցեն նոր սերնդին,-եզրափակեց ծառայության տնօրենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր