211652_close_icon
views-count1572 դիտում article-date 11:40 20-12-2019

Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը. Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը: Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ: Ժամանակակից աշխարհը առաջ է շարժվում խելահեղ արագությամբ: Դրան զուգահեռ՝ մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն ավելանում ու բարդանում են, այլև փոխում իրենց բնույթն ու դրսևորման ձևերը: Սակայն անփոփոխ է մնում ազգային, պետական շահը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս և, հատկապես, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների աներեր ուղեցույցը: Անվտանգության մարմինների գործունեության առանցքում են երկրի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանությունն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը: Շատ բան է կախված նաև անվտանգության ծառայության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, անձնական գործողություններից, պարտքի ու պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից, բարոյական կերպարից: Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների մրցավազքը և մրցակցությունը, պետք է կարողանալ արդյունավետ համադրել փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները: Մեծարելով ծառայության վետերաններին, այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, նրա մարտական ընկեր, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել արտաքին հետախուզության արդյունավետ գործունեության, պետական անվտանգության ապահովման գործում։ Ծառայության վետերաններն այսօր իրենց հարուստ փորձն ու հմտությունը, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցում են երիտասարդներին։ Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ ձեր դժվարին աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»:

Նմանատիպ նյութեր