211652_close_icon
views-count7794 դիտում article-date 11:47 20-12-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Նախագահի ուղերձում ասված է. «Մեր հասարակության և պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար: Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները։ 2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաև Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը: Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին»։

Նմանատիպ նյութեր