1653 դիտում
23:16 19-12-2019
Նախագահ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են զինհաշմանդամների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ:
«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է»:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն էական է համարել, որ վերադարձից հետո յուրաքանչյուր զինվոր իր տեղը գտնի կյանքում: «Շատ էական է, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա կյանք և գտնի իր տեղն այս կյանքում, հասարակության մեջ, ապրի արժանապատիվ կյանքով: Հույս ունեմ, որ վերադարձած զինվորը, անկախ նրանից՝ ինչ վիճակում է վերադարձել, ամբողջապես կինտեգրվի հասարակությունում և ունակ կլինի վերադառնալ բնականոն կյանքն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Կրկին կոչ եմ անում բոլոր պետական և ոչ պետական տարբեր կառույցներին՝ ամեն ինչ անել՝ իրենց մեծ աշխատանքային ընտանիքում ընդունելու այն հերոսներին, որոնք ցանկություն ունեն և կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում»:
Նա նշել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում կան երիտասարդներ, որոնք հերոսաբար պայքարել են, ֆիզիկական դժվարություններ ունեն, բայց լիարժեքորեն կարողանում են իրենց ներդրումն ունենալ աշխատակազմի գործունեության մեջ:
«Ժամանակն է, որ դուք վերադառաք լիարժեք կյանքի: Դուք հերոս եք եղել ռազմի դաշտում, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հերոս կլինի նաև աշխատավայրում,-ընդգծել է նախագահը:-Դուք մեր պարծանքն եք, մեր պահապանն ու պաշտպանը, բայց այսօր նաև՝ մեր գործընկերն եք: Ձեզնից յուրաքանչյուրը դեռ շատ անելիք ունի հայրենիքի համար, ձեր մեծ հաջողություններն առջևում են»:
Հանդիպումից հետո Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք՝ հայրենքի խաղաղության և անսասանության համար։
Անուհետև նախագահն ու Վեհափառ Հայրապետը ճաշել են երիտասարդների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և փոխանցել իրենց բարեմաղթանքները:
Նմանատիպ նյութեր
3227 դիտում
11:26 20-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
1412 դիտում
21:56 24-06-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում է ունեցել Եվրոպայի հայոց առաջնորդների հետ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին