1546 դիտում
18:01 19-12-2019
Արցախի Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 34 առաջարկություն, որից 25-ը՝ կրկնվող: Առաջարկությունները գումարային հաշվարկով կազմել են շուրջ 600 մլն դրամ՝ առանց կրկնվող առաջարկությունների:
Ներկայացնելով 2020թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերի մասում կատարված փոփոխությունները՝
Կրթություն. «Պետական աջակցություն մարզադպրոցներին» ծրագիրը ավելացվել է 1մլն 73,3հազ դրամով: Դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով 5մլն դրամով ավելացել է կրթական միջոցառումների ծրագիրը:
Հանգիստ, մշակույթ և կրոն. «Պետական աջակցություն թանգարաններին» ծախսային ծրագիրը ավելացել է 1մլն 71հազ դրամով:
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ. ավելացվել է երկու նոր ծախսային ծրագիր՝ ԱՀ ատլասի նոր խմբագրությամբ լրամշակման և հրատարակման ծրագիրը՝ 15մլն դրամի չափով և աշխարհագրական անվանումների անվանափոխման ու անվանակոչման ծրագիրը՝ 3մլն դրամի չափով:
Հիմնական բաժիններին չդասվող ծախսեր. կապիտալ ներդրումների ծախսային ծրագիրն ավելացել է 40մլն դրամով:
Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության նախաձեռնությամբ:
Ամփոփելով նախագծով առաջարկվող պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 120մլրդ 949,4մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 840,7մլն դրամ, պրոֆիցիտը՝ 108,7մլն դրամ:
Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել խմբակցությունները: Ելույթներում նախագծին դեմ քվեարկելու հիմնավորումներ են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները դրական գնահատական են տվել նախագծին և նշել, որ կողմ են քվեարկելու:
2020թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը Արցախի Հանրապետության նախագահինն էր: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ կառուցողական քննարկումների և դիտարկումների համար: Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն իրատեսական է և ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը և ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Նախագահի խոսքով՝ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմերպի ապահովումը:
«2020թ. պետական բյուջեի նախնական քննարկումների արդյունքներով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների գրավոր առաջարկները քննարկվել են և, անկասկած, հաշվի կառնվեն կառավարության հետագա գործունեության ընթացքում»,-նշել է Բակո Սահակյանը և առաջարկել խորհրդարանին «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Մինչ պետական բյուջեի նախագծի քվեարկությունը՝ Ազգային ժողովը քննարկել է բյուջեն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամի՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:
Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:
Հաջորդիվ քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:
Ընդմիջումից հետո խորհրդարանը լսել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ քննարկմանն է ներկայացրել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների փրկարարական ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնների պահպանման, ծառայողական կարգապահության, մարտական հերթապահության և մի շարք այլ հարաբերություններ, որոնք ապահովում են ծառայության մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Շարունակելով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Վլադիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի բնակչության շրջանում հրագործական ապրանքների տեղափոխման, պահպանման, օգտագործման, վաճառքի և հրավառությունների իրականացման պատճառով տուժածների քանակը հասցնել նվազագույնի՝ ապահովելով բնակչության անվտանգությունը:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը:
Նիստի եզրափակիչ հատվածում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Արթուր Թովմասյանը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի փակման մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2561 դիտում
21:12 22-12-2016
ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն
1597 դիտում
15:16 19-12-2019
Բակո Սահակյանը իրատեսական է համարում Արցախի 2020թ. բյուջեն
Այս բաժնից
1069 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1090 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1075 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար