211652_close_icon
views-count4352 դիտում article-date 15:32 19-12-2019

Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետական բյուջեից 4,32 մլն դրամ հատկացնել 9 ընտանիքի։ Ըստ Կառավարության ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Ամսական այդ ընտանիքները կստանան 40 հազար դրամ: Նշենք, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվն ինն է, և նրանց տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազար դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է: 2017թ. տվյալներով՝ ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը և երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը:

Նմանատիպ նյութեր