211652_close_icon
views-count1296 դիտում article-date 15:16 18-12-2019

Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է YouTube-ի գործընկերների ծրագրում ներառվելու համար

Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program), ինչը թույլ կտա հայաստանցի բլոգերներին, ընկերություններին իրենց ստեղծած բովանդակությունից գումար աշխատել և այն կանխիկացնել հայկական բանկային քարտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տարեվերջյան ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Գոյություն ունի YouTube partner program («YouTube»-ի գործընկերների ծրագիր) , որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով կարողանաս « YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube partner program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,-ասաց Արշակյանն ու նշեց՝ «YouTube»-ում փնտրելիս հայկական բովանդակության նույնականացման խնդիր ևս կա: Արշակյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ 3 ճակատով աշխատում են: Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են, այդ միջոցներով նախարարը գրություն է փոխանցել, խնդրել, որ աջակցեն: Երկրորդը՝ նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Google»-ում ու «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես փորձում են մեխանիզմներ գտնել: Երրորդ ուղղությամբ սփյուռքահայերն են փորձում աջակցել: Հայաստանում փորձում է նաև լուծել Google Maps-ում առկա խնդիրները, դրանցից մեկը Արցախի՝ քարտեզի վրա բաժանված չլինելն է: Պետությունն ուշադրություն է դարձնում նաև PayPal և Google Pay վճարային համակարգերին: «Մի մասով արդեն հաջողություն արձանագրել ենք արդեն անցյալ տարի: Նախկինում Հայաստանում գործող ընկերությունը, որն իր հավելվածը ներառում էր Google store-ում, չէր կարողանում գումար ստանալ, քանի որ Հայաստանը ներառված չէր գործընկերների ցուցակում, սակայն հիմա արդեն ներառված է: Դա լավ հնարավորություն է, որ հայկական ընկերությունները չգնան ու ուրիշ տեղեր չգրանցվեն»,-ասաց Արշակյանն ու նշեց՝ նույնը պետք է անեն նաև YouTube-ի և PayPal-ի դեպքում:

Նմանատիպ նյութեր