211652_close_icon
views-count7312 դիտում article-date 22:31 15-12-2019

Բալկոնում Մհեր Արշակյանն է. Hetq.am

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։ Բալկոնում բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Մհեր Արշակյանն է։ Մհեր Արշակյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին) (երկար դադար) Կատուն մլավում է։ Ըհը՜ն, ճիշտ ես․․․ (Մհերն արձագանքում է) (նորից դադար) Ես վաղում չեմ մտածում իմ մասին․․․ Ընկե՛ր, երեւի հարցեր տաս, հը՞ն։ Չէ, չեմ կարող։ Այս «երրորդ տարածությունն» իր կանոնն ունի․ երրորդ դեմքով պիտի խոսես մի տարածքից, որում ես կամ էիր, կամ լինելու ես։ Եթե ոչինչ դուրս չեկավ, այդպես էլ կգրենք՝ «չստացվեց»։ Սպասիր, մոտս գրառումներ կան (Մհերը հանում է հեռախոսը ու սկսում աչքի անցկացնել)։ 40 տարօրինակ փաստ ունեմ իմ մասին, որոնք ոչ մի տեղ չեմ հրապարակում եւ չեմ էլ հրապարակելու։ Երեկ հանկարծ գլխումս ծագեց, որ ամենից կարեւոր փաստը չեմ գրել, եւ այն դարձավ քառասուներորդը եւ դրվեց պայմանական մի տեղում այդ քառասունի մեջ։ Մի փաստ է, որ երբեք հրապարակային չեմ ասել․․․ Դադար Մինչ ամուսնանալը քնում էր ինքն իրեն օրորելով։ ․․․ Եվ երեկ երեկոյան, երբ ինքն իր հետ մնաց, հասկացավ՝ ինչքան շատ է կարոտել ինքն իրեն օրորելուն (այսինքն կա նաեւ մի բան, որն ինքը կարոտում է)։ Սա ասելու բան չի, հասկանու՞մ ես։ Այս տարիքում սա ասելու բան չի․․․ Խոսքն օրորվելու մասին է․ այնպես, ինչպես նորածինն է օրորվում, ինքն օրորվում էր մինչ ամուսնանալը։ Իսկ ինչու՞ էր օրորվում․․․ Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ իրեն չեն օրորել, իսկ օրորվելու կարիքը մարդու մեջ է՝ բնական մղում է նորածնի համար։ Հավանաբար ուրիշ տարբերակ չկա քնելու։ Իրեն չեն օրորել, եւ ինքն է իրեն օրորել։ Իր երազանքները ձեւակերպվել են օրորվելիս։ Ոչ երազները, որ քնի ժամանակ են սկսվում, այլ հենց երազանքները։ Ինքը հեշտ էր երազում․․․ Երազում էր լինել լավագույնը, երազում էր ինչ-որ մեկին օգտակար լինել, այնպիսի բաներ, որ մյուսները կերազեին, եթե ինչ-որ մեկի ներկայությունը լիներ։ Դադար Ինքը հաճախ մտածում է՝ ինչ է սերը, եւ հասկացել է մի շատ կարեւոր բան, Անուշ։ Մարդու մեծագույն խնդիրն այն է, որ հարյուր տոկոսով սիրել չի կարողանում։ Ինչո՞վ է տարբերվում Չարենցն ինձնից․ Չարենցը սիրո մեջ մտել էր հարյուր տոկոսով, Չարենցը սերը վերցրել էր իր ամբողջ դիապազոնով։ ․․․ Ինքը չի կարողանում իր մեջ վերցնել սերը։ Տասը տոկոս սերը հերիք է, որ ամուսնանաս, երեխաներ ունենաս, ընտանիք կազմես։ Իսկ ում տրվել է հարյուր տոկոսով սիրելու հնարավորությունը, նա հանճար է (եւ այնուամենայնիվ հենց այդ սիրո միջոցով)։ Առանց սիրո ինքնաճանաչողություն չկա։ Սերը հենց ինքդ քեզ ճանաչելու միջոցն է, այնինչ մարդկանց իննսուն տոկոսի համար այն ընդամենը կոմունիկացիա է․․․ Դադար Կոմունիկացիա է, բա ի՞նչ․ դու սիրում ես, եւ մեկը հանդես է գալիս պատասխան զգացումով («հանդե՜ս գալ»․ կներես ձեւակերպմանս համար)։ Սա սեր չի, ու լավ է, որ սեր չի, ու լավ է, որ մարդկանց մեծամասնությունը տրվում է պակասով, սիրտը սպառում է տասը տոկոսով, տասը տոկոսով է տրվում ամենին, ինչ սիրում է․․․ Որովհետեւ հարյուր տոկոսը սպանում է։ Մարդը, ով սիրում է հարյուր տոկոսով, մահապարտ է․․․ Եթե նույնիսկ չի մեռնում։ Ինքն ուրախ է, որ հարյուր տոկոսով սիրել չի կարողանում, ուրախ է, որ Չարենց չէ, որ Դոստոեւսկի չէ, որովհետեւ գիտի՝ չէր ձգելու։ Եվ տառապանքն այդ․․․․ Լավագույն բանը, որ տրվել է մարդուն։ Եվ մարդը չի հաղթելու, որովհետեւ աշխարհը հնարավոր ամեն բան անում է տառապանքը վերացնելու համար։ Կասես, որ աղքատությունը, սովը, չքավորությունն էլ է տառապանք, բայց չէ․․․ Թեպետ համաձայն եմ, որ հաց չլինի, չի լինի նաեւ միտքը, բայց հացի բացակայությունը, տառապանքի հարց չէ․․․ Արի՛ այսքանով փակենք։ Մանրամասները՝ [url=https://hetq.am/hy/article/111072?fbclid=IwAR02bBIyTRumqHFqEZDOsoFRsf3f2KIIcfphPAUO6OrcjHHZ0VYq4ARAeKw]Hetq.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր