211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում․ Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բակում արդեն 1 տարի է՝ դիտահորի խցանման պատճառով կոյուղաջրերը ողողում են մի քանի շենքերի բակեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2911 դիտում article-date 20:09 12-11-2025
Արդեն երկար ժամանակ է Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 9-րդ  բազմաբնակարանային շենքի դիմաց գտնվող դիտահորից կեղտաջրերի հոսքը չի դադարում և այնտեղով անցնելը դարձել է վտանգավոր առողջության համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշված և հարակից շենքերի բնակիչները ասացին․

«Խնդիրը 1 տարվա վաղեմություն ունի։ Դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս, ողողում շենքի բակը և հոսելով հասնում միչև «Գոսպիտալ» թաղամաս։ Ամեն անգամ պարտաճանաչ գալիս են, մաքրում դիտահորը, սակայն մեկ ժամ, մեկ օր հետո էլի նույն վիճակն է տիրում։ Դիմել ենք և «Վեոլիա ջուր» ընկերություն, Վանաձորի համայնքապետարան, սակայն երկու տեղից էլ պատասխանել են, որ կգան, տեղում կնայեն։

Վերջին անգամ 2 օր առաջ մաքրեցին, սակայն մի քանի ժամ հետո կրկին սկսեցին կեղտաջրերը հոսել ու գարշահոտ տարածել։ Մեկ անգամ էլ Գյումրիից ենք մեր գումարով մաքրող մեքենա բերել, մաքրել, սակայն 1 շաբաթ տևեց։ Խնդրում ենք, որ իրավասու մարմինները հետամուտ լինեն, որ խնդիրը լուծվի։

Կեղտաջրերը անգամ լցվում են շենքի բնակարաններ, քայքայում։ Մենք չենք կարողանում լուսամուտները բացենք, քանի որ գարշահոտ է լցվում տուն։ Այնքան ենք զանգել, որ մեր զանգերին էլ չեն պատասխանում»։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության Լոռի տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը խնդրի վերաբերյալ ասաց․

«Տարածքը բազմիցս մաքրվել է, սակայն 1 շաբաթ անց այն կրկին նույն վիճակում է հայտնվել, քանի որ կոյուղագծի վրա կան կառուցված ավտոտնակներ և կոյուղագծերի համակարգը հիմնավին փոխելու նպատակով ներկայումս իրականացվում են նախագծման աշխատանքներ 2026 թվականի համար։ Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է Վանաձորի քաղաքապետարանի աջակցությունը՝ ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու հարցում, որպեսզի տեխնիկան կարողանա աշխատի»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+

Նմանատիպ նյութեր