Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ քաղաքացու մեքենայի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար:
Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին