211652_close_icon
views-count2999 դիտում article-date 17:50 11-12-2019

Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց

Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի: Այս մասին հայտարարեց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին: «Նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով: Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Առաջնորդության օրինակ ունենք մեր առջև՝ Հիսուս Քրիստոսը, որ իր աշակերտների ոտքերը լվաց, ցույց տվեց՝ ինչպես լինել բարի հովիվ: Այսօր պատրիարք չընտրեցիք, աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,-«[url=https://armenpress.am/arm/news/998509.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրա խոսքով՝ պատրիարքական երդման, գահակալության մեծ արարողություն տեղի կունենա և այդ ժամանակ էլ կուղղի պաշտոնական հայրապետական խոսքը: «Իսկ այժմ պետք է խնդրեմ՝ աղոթեցեք ինձ համար: Երբ կտեսնեք, որ ձեր պատրիարքը տկարանում է, ավելի շատ աղոթեք: Այն, որ խաղաղությամբ մենք պատրիարք ընտրեցինք, բազմահազար մարդկանց աղոթքների շնորհիվ եղավ»,-նշեց նորընտիր պատրիարքը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցություն ունեցածներին, ինչպես նաև պատրիարքի մյուս թեկնածուին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նրա կողմնակիցներին: Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում: Մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին: Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի: Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո Հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010-ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Նմանատիպ նյութեր