211652_close_icon
views-count1618 դիտում article-date 10:51 06-12-2019

Արցախյան բանակցային ընթացքն արտապատկերվում է ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի վրա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին շրջանում ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում։ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելեց տարածաշրջան և հանդիպումներ ունեցավ նախ Երևանում, ապա Բաքվում։ Տպավորություն էր, որ Լավրովը Երևան և Բաքու է այցելում արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ Բրատիսլավայում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ Բաքվում Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 3-ի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նշեց, որ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հատուկ ընդգծեց, թե հույս ունի, որ Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առարկայական բանակցությունների նոր փուլ կբացեն։ Բանակցային գործընթացի նկատմամբ որոշակի յուրահատուկ շեշտադրումներ նկատվեցին նաև Լավրովի այն հայտարարությունում, թե իրենք կցանկանային ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, այնուամենայնիվ, երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։ Պատահական չէ, որ սրան զուգահեռ ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել է «փոքր քայլերով» Հայաստանի ու Ադրբեջանի մերձեցման Ռուսաստանի պլանը, որի շրջանակներում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել լրագրողների փոխայց, սակայն արդեն քննարկվում է նաև հասարակական և մշակութային գործիչների, խորհրդարանականների փոխայցերի հնարավորությունը, ինչպես նաև ձերբակալված անձանց փոխանակությունը։ Պետք է նկատել, որ Բրատիսլավայի հանդիպումից առաջ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: «Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված է փաստաթղթում: Վերլուծաբանների կողմից այս փաստաթղթի հրապարակումը գնահատվեց, որ ադրբեջանական կողմը բանակցություններից առաջ կոշտացնում է իր դիրքորոշումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ Բրատիսլավայի հանդիպումը որոշակի մտահոգությունների տեղիք էր տալիս։ Եվ Բրատիսլավայում ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տևեց մոտ 3 ու կես ժամ, սակայն ԱԳՆ տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ուղղակի տեղի է ունեցել քննարկում և որևէ բովանդակային պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ուղղակի կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, կամ, ինչպես հետո ՀՀ ԱԳ նախարարը նշեց, եղել են կոնսուլտացիաներ։ Հետաքրքրական է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները պրոյեկտվում են նաև Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Եվ հանրության մոտ մտահոգություններ կան, թե երկրորդ և երրորդ նախագահների շուրջ ընթացող պրոցեսները կապված են նշված խնդրի հետ։ Միևնույն ժամանակ բազմաթիվ քաղաքագետների կողմից առաջ է քաշվում այն մոտեցումը, որ ղարաբաղյան հարցում անհրաժեշտ է ապահովել հասարակության համախմբվածության անհրաժեշտությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր