1999 դիտում
18:42 30-11-2019
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։
Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Մուբադալա ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբադարաքի և էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սուհայիլ Ալ Մազրուի հետ։
«Վերջին շրջանում մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն էապես առաջ են մղվել Ձեր ջանքերի շնորհիվ։ Դուք մեծ ներդրում ունեք մեր հարաբերությունների առաջընթացի գործում, և մենք այսօր համագործակցում ենք վստահության ու փոխընբռնման մթնոլորտում»,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Խալդուն Ալ Մուբադարաքը՝ ավելացնեով, որ աշխարհում քիչ նախագահներ կան, որ կարողանում են նման բազմաբնույթ քաղաքականություն վարել և լավ են պատկերացնում, թե ինչպես է տնտեսությունն աշխատում։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Սարգսյանին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ասել է. «Մենք օգտագործել ենք այն հնարավորությունը, որ բացել էր նախագահ Արմեն Սարգսյանը հունվարին ԱՄԷ իր այցելության ընթացքում։ Արդյունքում՝ Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր՝ հիանալի առաջարկով։ Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա»։
Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս համագործակցությունը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։
«Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է։ Մենք միասին կարող ենք շատ ավելին անել։ Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք և կունենանք լավ արդյունք, որը շահեկան կլինի թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի համար, -ասել է Հանրապետության նախագահը։-Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, և մենք պետք է շատ զգույշ լինենք մեր բնության հանդեպ։
Էներգաարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը ոլորտներ են, որոնց նկատմամբ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի ոչ միայն այն առումով, որ Հայաստանը շատ ավելի կանաչ կդարձնի, այլև՝ օգտակար կլինի Հայաստանի էներգետիկայի համակարգը հավասարակշռելու առումով»։
Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա մուտք գործելու հարթակ։ Նա հույս է հայտնել, որ ինչպես տարեսկզբի, այնպես էլ այս հանդիպման արդյունքները իրենց նպաստը կբերեն հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում ընթացող Մուբադալա բիզնես ֆորումին և կարճատև զրույց ունեցել «Սիմենս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
5552 դիտում
20:34 24-11-2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման արարողությանը
Այս բաժնից
655 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
544 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
757 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am