1877 դիտում
17:43 28-11-2019
Շուշիում իտալական կրթական ծրագրով արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի
Շուշի քաղաքում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Իտալիայի Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ իր հանդիպման արդյունքներին:
«Իտալիայի Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ հանդիպում եմ ունեցել՝ քննարկելու ծավալվելիք համագործությանը վերաբերող հարցեր: Պարոն Սալայի հրավերով մասնակցել եմ իրենց երկրամասում կառուցվելիք միջին մասնագիտական կրթության նոր դպրոցի նախագծի քննարկմանը, ծանոթացել կրթական ծրագրերին ու դասավանդվող մասնագիտություններին` ձեռք բերելով մի շարք կարևոր պայմանավորվածություններ:
Մասնավորապես՝ կստեղծվի հայ-իտալական հիմնադրամ, որի աջակցությամբ Շուշի քաղաքում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան: Այն ինչ-որ առումով մրցակից կլինի Շուշիում ֆրանսիական կրթական մոդելի օրինակով գործող և մեծ համբավ ձեռք բերած Եզնիկ Մոզյան ուսումնարանի համար՝ բայց հիմնականում առաջարկելով նոր մասնագիտություններ»,- գրել է Ա. Հարությունյանը:
Արցախի նախկին վարչապետի խոսքով՝ նոր ուսումնական հաստատությունը ապագա սաներին կմասնագիտացնի սննդի, հյուրանոցային ու ռեստորանային սպասարկման ծառայությունների, խճանկարչության (մոզաիկա), փայտագործության, պրոշուտոյի (իտալ.՝ prosciutto՝ խոզապուխտ) պատրաստման, պանրագործության, գինեգործության և շատ այլ ոլորտներում: Իտալիան, ինչպես գիտենք, հատկապես գինեգործությամբ ու պանրագործությամբ, աշխարհի առաջատարներից է, իսկ Արցախում այդ երկու ճյուղերի զարգացումը մեծ հեռանկարներ ունի:
Իտալական կողմի հետ ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունն՝ ըստ Հարությունյանի, Ստեփանակերտի արհեստագործական դպրոցի վերազինումն է նոր սարքավորումներով: Արդյունքում այն ուսումնարանի սաներին հնարավորություն կտա մասնագիտանալու սննդի և ծառայությունների ոլորտում:
«Երրորդ առաջարկս, որի իրականացման համար իտալացիներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին, Արցախում գործող արհեստագործական դպրոցների սաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումն է Իտալիայում: Այն նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում:
Եվ չորրորդը՝ Ստեփանակերտում իտալական տան բացումն է, որտեղ արհեստագործական ուսումնարանների՝ սննդի ոլորտում մասնագիտացող աշակերտները հաճախորդներին կարող են իրենց խոհարարական հմտությունները ցուցադրել: Ծրագրին գործնականում ծանոթանալու համար այցելել եմ տեղում գործող հաստատություն և շատ տպավորված եմ ուսուցման կիրառվող մեթոդներից:
Զարգացած, հզոր և բարձր կենսամակարդակ ունեցող Արցախի տեսանելի ապագայի մեր խոստումն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և ամենակարևորը, այդ մասնագետների պատրաստման սեփական դարբնոցի ստեղծում, որին էլ հետամուտ ենք…»,-եզրափակել է Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
13:30 13-03-2015
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ ստացան
2180 դիտում
14:57 19-09-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիում արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1090 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
853 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
934 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ