Սամվել Բաբայանը գրառում է արել Մոնթե Մելքոնյանի մասին եւ լուսանկար հրապարակել
«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/44.samvel.babayan/posts/131017121657107]էջում [/url]գրառում է արել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյան մասին, ով այսօր կդառնար 62 տարեկան։ Գրառմանը կից նա հրապարակել է նաեւ լուսանկար, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը, ինքը՝ Սամվել Բաբայանը, գեներալ Ժորա Գասպարյան, կամ ինչպես Արցախն է ասում` Գրադի Ժորան եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«1993 թվականին արցախյան գոյապայքարը նոր փուլ էր մտել: Աղդամը, Ստեփանակերտ ներխուժելու ամենավտանգավոր հենակետը լինելուց բացի, ադրբեջանական բանակի կենտրոնական շտաբն էր: Նկատի ունենալով Աղդամի ռազամավարական նշանակությունը՝ Հեյդար Ալիեւը ասել է. «Ղարաբաղի սիրտն ու հոգին է, ադրբեջանական բանակի հույսը»: Աղդամի գրավումը ռազմավարական եւ բարոյահոգեբանական առումներով անհրաժեշտություն էր: Այն կոչված էր ապահովելու Ստեփանակերտի, Ասկերանի եւ հարակից այլ բնակավայրերի անվտանգությունը:
Աղդամի ռազմական հենակետերի վնասազերծման օպերացիան իմ ղեկավարությամբ հաջող սկիզբ, ընթացք եւ ավարտ ունեցավ: Առաջին փուլի ժամանակ խնդիր դրվեց վնասազերծել Աղդամը եզերող կրակակետերը եւ Կենտրոնական ու Մարտունու պաշտպանական (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան) շրջանների աջակցությամբ ելակետային հարձակման համար ստեղծել պաշտպանական ամուր բնագիծ: Օպերացիան իրագործվեց. վերահաստատվեցին նախկին պաշտպանական դիրքերը նաեւ Մոնթեի ճկուն ռազմավարական մտածողության շնորհիվ:
Մոնթեին վերաբացահայտեցի օպերացիայի նախագծման ժամանակ: Նա անհնարինը հնարավոր դարձնելու բնածին տաղանդ եւ ձիրք ուներ, նաեւ՝ զինվորների հետ վարվեցողության աննախադեպ մոտեցում:
Ավոն կենդանի լեգենդ էր, ով մարտի դաշտում հերոսանալուց բացի, պիտի հերոսանար նաեւ պետականաշինության գործընթացում, կայուն զարգացող երկիր կերտելիս: Ավա՜ղ, դարանակալած հակառակորդի փամփուշտը ճակատագրական եղավ:
Նա չապրեց: Նա հավերժացավ:
Հավերժացավ, որ հողը հայրենիք դարձնելու, հայրենիքը սիրելու, հայրենիքով շնչելու դասեր տա ապրողներիս: Հիշատակդ միշտ վառ, Մոնթե´ Մելքոնյան»։