120298 դիտում
10:08 21-11-2019
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. Սեմյոնովկայի անասնագոմում առաջացած կրակը իր սև գործն է արել. սատկել են մեծ թվով հորթեր, կովեր, խոզեր, ոչխարներ, ուլեր, հավեր. տուժածները հավատում են, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:
Տեղում հայտարարվել է հրդեի բարդության «ԹԻՎ 2» կանչ: Լրացուցիչ ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 31, 44, 63, 33, 30, հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով:
Հրշեջները գյուղացիների հետ, կարելի է ասել՝ ողջ գյուղի բնակիչներով, ժամեր շարունակ և մինչև այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչև 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ: Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Չգիտենք, ինչից է առաջացել կրակը, բայց րոպեների ընթացքում այն տարածվեց: Զանգահարել ենք 9-11, Սևանի հրշեջները եկել են: Լրացուցիչ ժամանել են Դիլիջանից, Ճամբարակից, Հրազդանից, սակայն կրակն այնքան արագ է տարածվում, որ թե՛ գյուղացիներով, թե՛ հրշեջներով չկարողացանք դրա դեմն առնել: Ողջ խոտը կենդանիներով այրվել է:
Միակ թերությունը նա է, որ հրշեջները եկած մեքենաների ջրով աշխատելուց հետո, այն լիցքավորելու համար մի քանի կիլոմետր գնում էին լիցքավորման»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամիսներ առաջ, երբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրաձայնում էր, որ կա ջրատար ավտոմեքենաների և ջրի կայանների խնդիր, հենց նման դեպքերի դեմն առնելու համար էր նախարարը բարձրաձայնում: Եթե լինեն ջրի կայաններ, ապա հրշեջներն ավելի օպերատիվ կգործեն: Թե չէ մարդիկ գալիս, ավտոմեքենայի միջի ջրով աշխատում են, իսկ հետո մի քանի կիլոմետր գնում լիցքավորում, նորից հետ են գալիս: Այս խնդիրը պետք է պատկան մարմինները օդում կախված չթողնեն: Օր առաջ պետք է խնդիրը լուծվի:
Նշված անասնագոմում առաջացած հրդեհի պատճառով գյուղի որոշ հատված ժամանակավորապես հոսանքազրկվել է:
Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ մինչև հոսանքազրկումը, էլեկտրաէներգիայի տատանման պատճառով որոշ գյուղացիների տան էլեկտրատեխնիկան վնասվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անասնագոմը ԽՍՀՄ տարիներին կառուցված շենք է և սատկած կենդանիներն ու խոտը պատկանում են Սեմյոնովկա գյուղի բնակիչ Հայրապետ Քոչարյանին և Ծովագյուղ գյուղի բնակիչ Ռազմիկ Նիկողոսյանին, ովքեր վարկով վերցրած գումարները ներդրել էին անասնապահության մեջ ու հիմա եթե կառավարությունը բարի կամք չդրսևորի և օգնության ձեռք չմեկնի այս մարդկանց, ապա կարելի է ասել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ կառավարությունը անօգնական չի թողնի, սատար կկանգնի ու իրենք կզգան, որ իրավիճակ է փոխվել:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+