45408 դիտում
10:52 18-11-2019
Երևանում «Վեգա»-ի 40–ամյա աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների. վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկություն է ստացել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում հանձնարարականով հիվանդանոց և դեպքի վայր են մեկնել Երևանի ՃՈ ծառայողները:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+