211652_close_icon
views-count1340 դիտում article-date 12:46 11-11-2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում. «Հարգելի հայրենակիցներ, այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը: Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին: Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել: Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում: Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»,- գրել է Հովհաննիսյանը: Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Նմանատիպ նյութեր