211652_close_icon
views-count1497 դիտում article-date 22:17 05-11-2019

ԿԳՄՍ նախարարը «Ժամանակակից դասականներ» փառատոնի ականավոր հյուրերի հետ քննարկեց ոլորտի հարցերը

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպեց կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու‚ Գեորգս Պելեցիսի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և այլ նշանավոր հյուրերի հետ: Նրանք խոսեցին դասական երաժշտության‚ մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մասին։ Հհանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Փառատոնի շնորհիվ Հայաստանում հյուրընկալում ենք հանրահայտ դասական կոմպոզիտորների, մենակատարների, որոնց ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ հայտնի բեմերում: Հայաստանում դասական երաժշտությանը մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում, իսկ այս փառատոնն առանձնանում է մեր տարածաշրջանում իր ունեցած դերակատարությամբ և որոշ առումով պարտավորեցնում է»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ կառավարությունը հովանավորում է դասական երաժշտության հետ կապված իրադարձությունների մեծ մասը: «Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էական են նաև մշակութային արժեքների փոփոխությունները: Մեզ համար կարևոր է, որ նոր սերնդի համար դասական արվեստը խորթ չլինի, ուստի դպրոցներում մի շարք մեծ նախագծեր ենք իրականացնում, որոնք կապված են նաև դասական երաժշտությանը»,-ընդգծեց նախարարը: Մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ հետաքրքիր համարեց բոլոր համերգային երեկոները, որոնք մինչ օրս կազմակերպվել են փառատոնի ընթացքում: «Ըստ իս՝ և՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ, և՛ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը Սերգեյ Սմբատյանի ու Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հրաշալի են հանդես եկել»,-ասաց կոմպոզիտորը: Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ‚ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն և Քշիշտոֆ Պենդերեցկու տիկին Էլժբետա Պենդերեցկայի խոսքով՝ այն, ինչ անում է Սմբատյանն ու իր նվագախումբը, աննկարագրելի է: «Նման նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ հարստացնում են երկիրը, նպաստում են երկրի ճանաչողությանը: Հատկապես շատ կարևոր է երիտասարդ ստեղծագործողներին աջակցելն ու քաջալերելը, անել ամենը, որ նրանք մնան ու ստեղծագործեն իրենց երկրում»,-համոզմունք հայտնեց Պենդերեցկին: Գեորգս Պելեցիսը, անդրադառնալով փառատոնի յուրահատկությանը, շեշտեց, որ այն միակն է, որ հնարավորություն է տալիս մի ամբողջ երեկո նվիրել մեկ կոմպոզիտորի գործերի կատարմանը: Սերգեյ Սմբատյանն էլ խոստովանեց, որ նման փառատոնը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: «Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից երաժշտությունը բարդ է, բայց ՀՀ կառավարության, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի աջակցությամբ կարողացանք իրականացնել «Ժամանակակից դասականներ» փառատոնը, որը թույլ է տալիս ինչ-որ բան դեպի դրականը փոխել»,-ասաց դիրիժորը: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 1-ին: Այն կտևի մինչև նոյեմբերի 9-ը: Փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է հանրահայտ կոմպոզիտորների և մենակատարների: Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր