211652_close_icon
views-count1025 դիտում article-date 16:12 05-11-2019

Կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ոլորտում սահմանային վերահսկողության վերաբերյալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ՀՀ Առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը բոլոր շահառուների շահերի պաշտպանությյունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով: «Հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,-նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից: Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու: Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները համապատասխան աջակցություն կարող են ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամսիների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ: [b]ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մ արմինների աշխատանքների համակարգման գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր