211652_close_icon
views-count3468 դիտում article-date 10:39 05-11-2019

Մի քանի ցինիկներ հասկանում են, որ օրակարգը կեղծ է, սակայն ապատեղեկատվություն են տարածում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Մայրն իր 10 տարեկան որդու հետ քայլում է փողոցով, և երեխան վախեցած ձայնով մոր ուշադրությունն է հրավիրում 2-3 բավականին խաղաղ (հավանաբար, թափառող) շների վրա. «Մա՛մ, նայի՝ շների ոհմակ»: Երեխան վերջերս այնքան հաճախ է լսել այդ բառակապակցությունը, որ նրան թվում է, թե մեկից ավելի շունն արդեն իսկ ագրեսիվ ոհմակ է, որը պատրաստ է ուտել ոչ միայն կենգուրուներին և մուֆլոններին, այլև մարդկանց: Իհարկե, կենդանիների նկատմամբ նման «տագնապալի» վերաբերմունքն ի սկզբանե մերժելի է՝ որտեղ կա վախ, այնտեղ վաղ թե ուշ ծնվում է ատելությունն ու թշնամանքը: Մտավախությունների առիթ պետք է լինեն ոչ այնքան կենդանիների, որքան մարդկային «ոհմակները», այսինքն՝ «կոլեկտիվ», ոչ անհատական մտածողությունը, երբ ընտրվում է որևէ թիրախ և հարձակման ժամանակ վերանում են անհատական տարբերությունները՝ իրար քաջալերելով մարդիկ կատարում են միևնույն գործողությունները: Օրինակ, երբ որևէ մեկը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հարցում կարող և սխալ լինել, իսկույն ֆեյսբուքում հայտնվում է վարչապետի բուռն երկրպագուների «ոհմակը» և սկսում է չափազանց հուզական եղանակով պաշտպանել իր կուռքին՝ չնայած երկրի ղեկավարը նման պաշտպանության կարիք չունի: Բայց սեր է՝ ինչ արած: Հակառակ ճամբարում նույն տրամաբանությունն է: Եվ հիմա որպես թիրախ ընտրվել է ԿԳՄՍ նախարարը: Միանգամից ասեմ, որ Արայիկ Հարությունյանն «իմ սրտի նախարարը» չէ: Ինչպես ցանկացած հեղափոխական, նա օժտված է որոշակի հատկանիշներով (օրինակ, մեծամտությամբ, որը սերում է այն համոզմունքից, թե իրենցից առաջ ամբողջ պատմությունը սխալների և հանցագործությունների շղթա էր), որոնք ներդաշնակ չեն պետական մոտեցման հետ ու խանգարում են մասնագետների հետ շփումներին: Բայց այդպիսի ժամանակներում ենք մենք ապրում. հեղափոխությունից հետո նման պաշտոն չի կարող զբաղեցնել ապաքաղաքական մտավորականը: Սակայն այն հարձակումը, որն այժմ է տեղի ունենում Արայիկ Հարությունյանի ուղղությամբ, որևէ փաստական հիմք չունի: Ընդ որում՝ հարձակվողների մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, որ ինչ-որ փողոցային ներկայացում կամ ինչ-որ ռոք-խմբի համերգ կարող է կործանել մեր ազգային արժեքային համակարգը: Բայց կան մի քանի ցինիկներ, որոնք շատ լավ հասկանում են, որ օրակարգը կեղծ է, սակայն միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ քաղաքական-քարոզչական նպատակներով: Արայիկ Հարությունյանի դիրքերն այս հարցում անխոցելի են: Ներկայացման կամ որևէ այլ ստեղծագործության «թույլատրելիությունը» որոշում է գեղարվեստական խորհուրդը: Եթե նախարարը որոշի կամ արգելի՝ դա կլինի ուղղակի գրաքննություն, որն արգելված է ՀՀ սահմանադրությամբ: Ինչպես և խոսքի ազատության պարագայում, այս՝ ստեղծագործական ոլորտում էլ ազատությունն առաջնային է, մնացածը (եթե օրենքի խախտում չկա)՝ երկրորդական»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր