211652_close_icon
views-count2466 դիտում article-date 09:47 02-11-2019

Հայոց ցեղասպանություն՝ այժմ խոսքը Սենատինն է․ «Ամերիկայի ձայն»

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր միանշանակ խոսքն ասաց, ձայների 94 տոկոսը տալով Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին: Այժմ խոսքը Կոնգրեսի վերին պալատինն է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5149007.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ասաց կոնգրեսական Ջուդի Չուն: Նրա խոսքով, Սենատին անհրաժեշտ է իր կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել. «Այժմ հայ համայնքի ուշադրությունը պետք է կենտրոնանա Սենատի վրա: Այժմ լավագույն ժամանակն է, որովհետեւ մարդիկ զայրացած են Թուրքիայի գործողությունների վրա եւ գիտակցում են, որ Ցեղասպանության դեմ թուրքական փաստարկները հաշվի առնել չի կարելի»: Կոնգրեսական Բրադ Շերմանի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է միշտ ճանաչի պատմական փաստերը առանց զիջումների գնալու, լինի դա Թուրքիան կամ որեւէ այլ երկիր: «Որպես հրեա ինձ համար հատկապես կարեւոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը», ավելացնում է կոնգրեսականը. «Չէ որ ցեղասպանության ժխտումը այդ ցեղասպանության վերջին քայլն է. սկզբում բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ փորձում ջնջել նրանց մասին հիշողությունը, իսկ վերջում՝ փորձում ջնջել այդ սարսափելի արարքների մասին հիշատակը: Մինչ այս բանաձեւի ընդունումն իմ երկիրը լուռ էր: Այժմ մենք ճշմարտությունն ենք ասում, ինչն առաջին հերթին կարեւոր է հենց Ամերիկայի համար, քանի որ ցեղասպանությունը պետք է միշտ ցեղասպանություն անվանել»: Կոնգրեսական ԹիՋեյ Քոքսն «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է որ ինքը որպես Կալիֆոռնիայի Ֆրեզնոյի բնակիչ, տեղի մեծ հայ համայնքի հետ յուրաքանչյուր մեկ-երկու տարին մեկ ականատեսն էր լինում, ինչպես Կոնգրես Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր նախագիծ էր մտնում, սակայն, տապալվում էր: «Այս անգամ ուրախ եմ, որ Կոնգրեսում իմ առաջին իսկ տարվա ընթացքում ճնշող մեծամասնությամբ հաջողվեց անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սա պատմական արդարության վերականգնում է»: Կոնգրեսականի խոսքով, այժմ պետք է փորձել խարախուսել նաեւ Սենատին ընդունել նման բաբաձեւ: «Այնուհետեւ՝ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի Սպիտակ տան կողմից, եւ մենք ջանք չենք խնայելու, որպեսզի հասնենք դրան: Մենք բոլորս գիտենք, որ դա ճիշտ քայլ կլինի»:

Նմանատիպ նյութեր